գլխավոր Սպորտ Վանուշ Շահինյան․ Հայաստանը Փարիզի օլիմպիական խաղերում ներկայացնող բրեյք-դանս պարողը

Վանուշ Շահինյան․ Հայաստանը Փարիզի օլիմպիական խաղերում ներկայացնող բրեյք-դանս պարողը

Բրեյք-դանսը՝ սպորտային պարերի փողոցային ոճը, սկիզբ է առել ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքի Բրոնքս թաղամասում (հայտնի է, որպես հիփ-հոփ մշակույթի մեծագույն կենտրոններից մեկը, նաև ունի իր վատ համբավը՝ հանցագործական մեծ միավորումներով և փողոցային վտանգավոր կյանքով հանդերձ) ՝ աֆրոամերիկյան և պուերտոամերիկյան երիտասարդության կողմից 1970-ականների սկզբին։

1960-1970-ականներին, Նյու Յորքի ցածրախավ մասերում ապրող և գործող հանցագործ միությունները, որոնք ի դեպ հիմնականում սևամորթ կամ լատինա-ամերիկացիներ էին, իրենց սեփական պաշտպանության համար ուսանում և յուրացնում էին մարտարվեստներ, և ամենամատչելի ձևը կապուերան էր (բրազիլական ազգային մարտարվեստ)։ Տեսնելով, որ կապուերան լի է գեղեցիկ և ակրոբատիկ շարժումներով, այն կիրառել են նաև դիսկոտեկտներում՝ որպես պար։ Բրազիլացի Ջելոն Վիերան, Նյու Յորքում 70-ականներին բացելով կապուերայի դպրոց, դարձավ առաջին բրեյք-դանս խմբերից մեկի՝ Rock Steady Crew-ի հիմնադիրը։

Հետաքրքրական է նաև այս պարի անվան ծագումնաբանությունը․ 1969 թվականին հիփ-հոփի պիոներ DJ Kool Herc-ը դիսկոտեկներում ելույթ ունենալիս հայտարարել է ընդմիջումներ, (անգլերեն՝ «break») որպեսզի պարողները մի քիչ հանգստանան և այդ ընթացքում դիտեն կապուերայանման անհատական կատարումներ։ Նա հայտարարում էր այդ ընդմիջումները՝ «b-boys go down» արտահայտությամբ, ինչն էլ հետագայում դարձել է բրեյք-դանս պարողների անվանումը՝ b-boy։ Ստացվում էր ընդմիջման պար, այսինքն՝ break dance։ Որպես պարային ոճ այն տարբերվում էր այժմյան բրեյքից իր պարզությամբ և համեմատելիորեն հեշտ կառուցվածքով։

Ժամանակի ընթացքում բրեյք-դանսը կատարելագործվեց ու այժմ իրենից ներկայացնում է ակրոբատիկ, բարդ պարային ոճ, որն իր մեջ ընդգրկում է աշխարհի գրեթե բոլոր պարային տարրերը։

Սպորտային պարերն արդեն 1995-ից համարվում են մարզաձև և այդ ժամանակից մինչ օրս ամեն տարի անցկացվում են աշխարհի, Եվրոպայի առաջնություններ և գավաթներ: Մի քանի անգամ փորձեր են արվել օլիմպիական ընտանիք մտնելու համար, բայց չի հաջողվել: Միայն վերջերս՝ 2020 թվականի դեկտեմբերին Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) Գործադիր կոմիտեն բրեյք-դանսն ավելացրեց 2024թ․ Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի ծրագրում՝ սերֆինգ, ժայռամագլցում և սքեյթբորդինգ մարզաձևերի հետ մեկտեղ։

Հայաստանի լավագույն բրեյք-դանսերներից մեկը՝ Վանուշ ( El Booble) Շահինյանը, Հայաստանը Փարիզի օլիմպիական խաղերում ներկայացնելու գլխավոր հավակնորդներից մեկն է` ամենաբարձր վարկանիշով։ Նրա խոսքով, սա պարողների համար հիանալի փորձառություն կլինի, կբերի ճանաչում, ցույց կտա,թե իրականում ով է լավագույնը՝ աշխարհի մակարդակով։

«Բրեյք-դանսը, ճիշտ է, առաջացել է փողոցից, բայց հիմա փողոցային մթնոլորտը բացակայում է, համենայն դեպս ինձ համար։ Ես ավելի շատ փորձում եմ այն բեմում լավ ներկայացնել, դրսում պարելու գաղափարն այնպես չէ, որ շատ սիրում եմ,երևի ամեն դեպքում հայկական մենթալիտետի հարց է (ծիծաղում է)։ Բայց քանի որ պարը առաջացել է դրսից, ու ընդունվում է որպես իսկական հիփ-հոփ ոճ, մարդկանց մեծ մասին այդ փաստը՝ Օլիմպիական խաղերում ընդգրկվելու, դուր չեկավ։

Բայց կոնկրետ իմ կարծիքով դա շատ լավ ու ճիշտ որոշում էր։ Ես շատ ուրախացա այդ լուրից։ Ամեն ինչ անելու եմ երկիրս պատվով ներկայացնելու համար։ Ինքս ինձ համար որոշել եմ, որ դա ինձ համար կլինի վերջին պաշտոնական մրցույթը, բայց բրեյք-դանսի underground մրցույթներին կշարունակեմ ելույթ ունենալ ու փորձել հաջողություններ գրանցել»,- ArmSport-ի հետ զրույցում պատմում է Վանուշ Շահինյանը։

Նա այժմ ԱՄՆ-ում է՝ պարային գործուղումների մեջ, ասում է՝ եթե երկրում լիներ, կմասնակցեր խմբակային հավաքների, բայց ամեն դեպքում Փարիզ-2024-ին դեռ բավականին ժամանակ կա ու լավագույնս նախապատրաստվել դեռ կհասցնի։

«Ներդնելու եմ վերջին ուժերս, որպեսզի լավագույնս ներկայացնեմ Հայաստանը Փարիզում, քանի որ ինձ հետ մեծ հույսեր են կապում, ու նախևառաջ ես եմ ինձ հետ մեծ հույսեր կապում»։

Փարիզի ամառային օլիմպիական խաղերին, ամենայն հավանականությամբ, Հայաստանի 4 բրեյք-դանսեր կմասնակցի՝ երկու տղա և երկու աղջիկ՝ մեծ և փոքր տարիքի։

Իսկ ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ

«Բրեյք-դանսով զբաղվում եմ 2006 թվականից՝ 11 տարեկանից։ Սկզբում զբաղվում էի կարատեով, հետո, հետևելով ընկերոջս օրինակին, շատ արագ փոխեցի մարզաձևն ու սկսեցի հաճախել բրեյք-դանսի։ Այս հարցում մեծ էր նաև քրոջս ազդեցությունը, որն ինձ շատ է օգնել իր խորհուրդներով։ Այդ օրվանից՝ 2006 թվականից հունիսի 1-ից, մինչ օրս զբաղվում եմ բրեյք-դանսով։ Սկզբում ոչ մի տեսակի հաջողություն չէի կարողանում գրանցել։ Ավելորդ քաշի խնդիր ունեի ու գրեթե ոչինչ չէր ստացվում։ Բայց ներքուստ զգում էի, որ ես ամբողջությամբ զգում եմ այդ պարը ու դա իմն է, բայց երբ իմ մասնակցությամբ տեսանյութեր էի դիտում, չէի հավանում։ Այդ ժամանակ երեխա էի ու չէի հասկանում, որ կարելի է նիհարել, զբաղվել ինքդ քո մարմնով։ Մի օր մասնակցեցի տեսահոլովակի նկարահանման քաստինգի, ռեժիսորը մի քանի տղայի առանձնացրեց ու երբ հերթը հասավ ինձ, շատ լավ հիշում եմ, ասաց․ «Եղբայր, մի փոքր էն կողմ էլի»։ Ինձ վրա  շատ ազդեց այդ ամեն ինչը։ Սկսեցի ինձնով զբաղվել, փոխել կյանքս մոտիվացիոն տեսահոլովակներ դիտելով, ֆիլմեր դիտելով, ու այդ ժամանակ սկսվեցին նաև բրեյք-դանսի հաջողությունները։

Առաջին մրցույթում, որին մասնակցեցի, զբաղեցրի 4-րդ հորիզոնականը։ Դրանից հետո մասնակցել եմ Հայաստանի, Կովկասի առաջնություններին՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը, իսկ առաջին՝ ամենահեռու մրցումը եղել է Կիևում՝ burn battle school մրցույթը, որում, անկեղծ ասած, ոչինչ չնվաճեցի, դուրս մնացի, բայց էլ ավելի սկսեցի ինձ վրա աշխատել ու արտերկրում մասնակցել մրցույթների։

Մինչև 2020 թվականը բրեյթ-դանսի՝ համաշխարհային մակարդակով ամենամեծ մրցումները կազմակերպում էր red bull-ը, որից մեկը Կովկասի առաջնությունն էր Վրաստանում։

2012 թվականից սկսած՝ 4 տարի շարունակ, մասնակցել եմ այդ առաջնությանն ու հասել մինչև կիսաեզրափակիչ, ինչը լավ արդյունք կարելի է համարել։ Սրա արդյունքում 2015 թվականին հրավեր եմ ստացել մասնակցելու Արևելյան Եվրոպայի՝ 16 երկրների միջև անցկացվող եզրափակչին։

Մրցույթների եմ մասնակցել նաև Լեհաստանում, Լիոնում՝ Battle de Vaulx, որտեղ լավագույնս ներկայացրել եմ մեր երկիրը։ 2018 թվականին էլ Բելառուսում մասնակցել եմ White Wolf Battle մրցույթին, որտեղ աշխարհի 600-700 ուժեղագույն պարողների շարքում մտել եմ լավագույն 32-ի մեջ։

Բայց կարիերայիս, թերևս, ամենախոշոր մրցումը եղել է Սան-Դիեգոյում, քանի որ այնտեղ հասնելու համար պետք է բավարար վարկանիշ ունենայիր»,- պատմում է Վանուշ Շահինյանը։

Վանուշ Շահինյանը վստահաբար նշում է, որ աշխարհում ամենաշատ մրցումները կազմակերպվում են հենց բրեյք-դանսում, և այս ամենից անմասն չի մնում նաև Հայաստանը․

«Հայաստանում ունեցել ենք շատ մեծ մրցույթ՝ Time for kids, ունեցել ենք նաև Հայաստանի մեծ առաջնություն՝ Grand Street JamEnter the power,Wake Up BreKing, Vivat Dance Olimpiad, Armenian Dance Olimpiad, բայց թերևս ամենամեծը եղել է Time for kids-ը, քանի որ եղել է միջազգային։ Այդ մրցումներում էլ ունեցել ենք հաջողություններ»։

Վերջին տարիներին սպորտային պարերը մեր երկրում նկատելի զարգացում են ապրել ու բավականին մեծ մասսայականություն են վայելում։ Այդուհանդերձ, քանի որ դրանք բավականին վերջերս են  օլիմպիական ընտանիքի մաս կազմել, պարողները դեռևս իրենք են հոգում այս կամ այն մրցաշարին մասնակցությունը։ Իսկ թե ինչպիսին կլինի Օլիմպիական խաղերի նախապատրաստությունն ու մասնակցությունը, ցույց կտա ժամանակը։

Աղբյուր՝ ArmSport.am