գլխավոր Իրադարձային Սյունիքը թուրք-ադրբեջանական տանդեմի համար հատուկ նշանակություն ունի, դրան տիրանալը պանթյուրքիստական ծրագրերի իրականացում...

Սյունիքը թուրք-ադրբեջանական տանդեմի համար հատուկ նշանակություն ունի, դրան տիրանալը պանթյուրքիստական ծրագրերի իրականացում է․ թուրքագետ․Tert.am

Ես նմանատիպ գործողություններ սպասում էի ամիսներ շարունակ, որովհետև ակնհայտ էր, որ Արցախյան վերջին պատերազմում հաղթանակ տանելուց հետո թուրք-ադրբեջանական տանդեմը ոչ միայն չի հրաժարվում իր ագրեսիվ քաղաքականությունից Արցախի և արդեն Հայաստանի նկատմամբ, այլև հակահայկական հռետորաբանությունն ուժեղացնում է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավար, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով Սյունիքում տիրող իրավիճակին։

Նրա խոսքով՝ Սյունիքի թիրախավորումը մի քանի մակարդակով տեղի ունեցավ՝  պրովոկացիաներ, որոնցից խոշորը հիմա է ընթանում, և հռետորաբանության առումով. այն գտնվում էր թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիվ քաղաքականության թիրախում։

«Վերջին տարիներին ակնհայտ է դառնում, որ Թուրքիան գնալով ավելի հստակ է հետապնդում պանթյուրքիստական ծրագրեր, և դրանց մեջ վաղուց Սյունիքը հատուկ նշանակություն ունի, քանի որ դրան տիրանալը նշանակում է, որ պանթյուրքիստական ծրագրերը կյանքի են կոչվում, և ուղիղ կապ է հաստատվում Թուրքիա-Ադրբեջան-Նախիջևան և Կասպից ծովի վրայով կենտրոնական Ասիայի թուրքալեզու երկրների միջև։ Սյունիքն ունի «բանալի» նշանակություն պանթյուրքիստական ծրագրերի իրականացման համար։ Սպասելի էր, որ այն ճնշումը, որն զգացվում էր Սյունիքի վրա, կավելանա և այսպիսի բացահայտ ագրեսիվ գործողության կվերածվի ՀՀ դեմ»,-ասաց թուրքագետը։

Ըստ Սաֆրաստյանի՝ Թուրքիան և Ադրբեջանը գործում են միասին, հնարավոր է՝ Թուրքիան չի երևում, բայց, թուրքագետի համոզմամբ, Ադրբեջանի ագրեսիվ պահվածքի հետևում կանգնած է հենց Թուրքիան։

«Երբ Ալիևը հանդես էր գալիս հայտարարություններով՝ Սյունիքը, Գեղարքունիքը համարելով Ադրբեջանի պատմական տարածք, Ադրբեջանի կողմից ընթանում էր աշխարհի հասարակական կարծիքի, համաշխարհային քաղաքական շրջանակների նախապատրաստական աշխատանք։ Վերջիններիս Ադրբեջանը շարունակելու է պատրաստել այն բանին, որ Սյունիքը պատմական ադրբեջանական տարածք է, մի օր էլ կասեն՝ մենք ազատագրում ենք մեր պատմական տարածքը»,-ասաց թուրքագետը։

Վերջինիս խոսքով՝ շատ կարևոր է, որ ՀՀ-ն գործի դնի իր դաշնակցային հարաբերությունները, ինչը առաջին նախապայմանն է, որ ՀՀ-ն համոզվի՝ ռազմաքաղաքական դաշնակիցը՝ ՌԴ-ն, ՀՀ-ի կողքին է։

«Կարևոր է, որ և՛ Ֆրանսիայի, և՛ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հայտարարություններ եղան։ Այդ ու մյուս հայտարարություններն ի շահ մեզ պետք է օգտագործենք և շարունակենք այդ երկրների հետ համագործակցությունը, և ավելի բացահայտենք թուրք-ադրբեջանական ագրեսիվ նպատակները և՛ տարածաշրջանի, և՛ մեր նկատմամբ»,-ասաց նա, ապա անդրադարձավ այն հանգամանքին, որ ԱՄՆ-ն Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հայտարարության մեջ գործածել է «վիճելի տարածք» եզրույթը․

«ՀՀ-ն պետք է շատ լուրջ աշխատանք տարի ԱՄՆ գործընկերների հետ և ցույց տա, որ դրանք ոչ թե վիճելի տարածքներ են, այլ ՀՀ տարածքներ։ Տեսնում եմ, որ նախապես լավ աշխատանք չի տարվել։ Պետք է շատ լուրջ աշխատել միջազգային թատերաբեմում, որ մենք չհայտնվենք մեկուսացման մեջ, ինչպես դա եղավ Արցախյան վերջին պատերազմում»,-ասաց Սաֆրաստյանը։

Նա նաև դրական գնահատեց Իշխանասարի տարածքում ընթացող բանակցություններին Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովի մասնակցությունը՝ նշելով, թե կարելի է սպասել դրական փոփոխության։