գլխավոր Իրադարձային Չեմ բացառում քաղաքական ստվերային գործարքները. Աշոտյանը՝ Սյունիքում տիրող իրավիճակի մասին

Չեմ բացառում քաղաքական ստվերային գործարքները. Աշոտյանը՝ Սյունիքում տիրող իրավիճակի մասին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը չի բացառել, որ Սյունիքում տեղի ունեցող գործընթացներում կան ստվերային պայմանավորվածություններ, որոնք ձեռք են բերվել հայ ժողովրդի մեջքի հետևում:

Նրա արձանագրմամբ՝ հակառակորդի կողմից անարգել ՀՀ սուվերեն տարածք ներխուժելը   հերթական դաշույնն է, որը մխրճվել  է հայ ժողովրդի որովայնի մեջ, քանի որ կան պայմանավորվածություններ:

«Ինչու՞ այսպես եղավ, ինչու՞ էր  իշխանություն կոչվածը հերքում այդ տեղեկությունները, ասում, որ մենք խուճապ ենք տարածում: Արդյունքում պարզվեց, որ մենք ճիշտ ենք, իսկ իրենք բոլորը՝ սուտասաններ»,- լրագրողների հետ զրույցում այսօր ասել է Արմեն Աշոտյանը:

ՀՀԿ փոխնախագահը չի բացառել իշխանությունների կողմից ռազմական դրություն հայտարարելը, որպեսզի այս ընտրությունները չեղյալ համարվեն:

«Երբ մենք հայտարարեցինք, որ մասնակցում ենք ընտրություններին, փաստեցինք, որ, ցավոք սրտի, հետևել ենք քաղաքական դաշտի այն զարգացումներին, որոնք չկարողացանք կանխել: Մեզ համար պարզ էր, որ Հայաստանն ի վիճակի չէ գնալ ընտրություններին, քանի որ բազմաթիվ մարտահրավերներ ունի, այդ թվում անվտանգային: Եվ չի կարելի գնալ ընտրությունների այս կապիտուլյանտ իշխանության հետ: Եվ, ցավոք սրտի, մեր բոլոր կանխատեսումները իրականացան: Եվ հիմա քաղաքական ուժերի և ժողովրդի մեծամասնությունը համոզվում, որ մենք ճիշտ ենք եղել», – շեշտել է Աշոտյանը: