գլխավոր Սպորտ Երևանի «Արարատը» դարձավ Հայաստանի գավաթակիր

Երևանի «Արարատը» դարձավ Հայաստանի գավաթակիր

 Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում Երևանի «Արարատը» 3։0 հաշվով հաղթելով «Ալաշկերտին», իր պատմության ընթացքում վեցերորդ անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր։

Գավաթի եզրափակիչում թիմերը հիմնականում փորձում են անառիկ պահել սեփական դարպասը, և այդ պատճառով շատ հաճախ եզրափակիչ հանդիպումներն այնքան էլ հետաքրքիր ընթացք չեն ունենում։

Բայց, իհարկե, լինում է նաև հակառակը։ «Ալաշկերտ»-«Արարատ» եզրափակիչ խաղում հյուրերի կարգավիճակով հանդես եկող արարատցիները շատ արագ կարողացան խաղին լրացուցիչ  ինտրիգ հաղորդել։

Հանդիպման 18-րդ րոպեին «Արարատն» արդեն հաղթում էր 2։0 հաշվով։ Նախ Աղվան Պապիկյանը հեռահար հարվածով դարձավ շատ գեղեցիկ գոլի հեղինակ ու բացեց հաշիվը, իսկ երեք րոպե անց Մորի Կոնեն պաշտպանների ու դարպասապահ Յուրչենկոյի հետ պայքարում շատ նուրբ ու դիպուկ հարվածով կրկնապատկեց իր թիմի առավելությունը։

Հայտնվելով հետապնդողի դերում, «Ալաշկերտն» ամեն ինչ արեց կորցրածը հետ բերելու համար։ Բայց երկրորդ կեսի սկզբում «Արարատի» արագ հակագրոհը նոր հաջողություն ապահովեց Վարդան Բիչախչյանի թիմին։ Մորի Կոնեն, մեն–մենակ մնալով Դավիթ Յուրչենկոյի դիմաց` դարձավ դուբլի հեղինակ ու հաշիվը դարձրեց  3։0։

Բաց թողած երրորդ գոլից հետո «Ալաշկերտն» անընդհատ գրոհում էր, ու խաղի հիմնական ժամանակի ավարտից հինգ րոպե առաջ Միհրան Մանասյանը կրճատեց հաշվի տարբերությունը՝ 1։3։

Այսպիսով «Արարատը» վեցերորդ անգամ նվաճեց Հայաստանի գավաթը և ապահովեց իր տեղը Եվրոպայի լիգայի խաղարկությունում։ Չնայած թիմը պայքարում է նաև չեմպիոնական տիտղոսի համար։  

Համենայն դեպս, «Արարատը»  հաստատ հայկական չորս ակումբներից մեկն է լինելու, որոնք ներկայացնելու են մեր երկիրը եվրագավաթներում։

Իսկ «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը գավաթը նվաճեց երրորդ անգամ։ Նախորդ երկու դեպքերում Բիչախչյանը գավաթը նվաճել էր «Շիրակի» հետ։