գլխավոր Քաղաքականություն Կառավարությունը 500 միլիոն դրամը տվել է ինչ-որ հիմնադրամի՝ Սյունիքի մարզպետարանի փոխարեն. պատճառը...

Կառավարությունը 500 միլիոն դրամը տվել է ինչ-որ հիմնադրամի՝ Սյունիքի մարզպետարանի փոխարեն. պատճառը Փաշինյանի չստացված այցե՞րն են Սյունիք

168.am-ն գրել էր, որ ՀՀ Կառավարությունն արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ 1 միլիարդ 200 միլիոն դրամ է հատկացրել հանրապետության 9 մարզերին։

Ուշագրավ է, որ ինչ-որ ծրագրեր իրականացնելու համար այդ գումարը հատկացվել է 9 մարզի մարզպետարաններին: Բայց այդ ցանկից բացակայում է Սյունիքի մարզը, և հիմա պարզվում է, որ Կառավարությունը Սյունիքի մարզի համար պետական բյուջեից հատկացրել է 500 միլիոն դրամ, սակայն այդ գումարը հատկացրել է ոչ թե մարզպետարանին, այլ Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամին՝ մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման համար։

Ի՞նչ հիմնավորմամբ է Կառավարությունը 9 մարզի դեպքում նույն գործն անելու համար գումարը հատկացրել մարզպետարաններին, իսկ Սյունիքի դեպքում՝ հիմնադրամի: Որևէ պարզաբանում կամ պատճառաբանություն չկա։

Նշենք, որ Սյունիքի մարզին հատկացված գումարն ուղղվելու է մարզային և համայնքային ենթակայության ենթակառուցվածքներում, ինչպես նաև բնակչության համար սոցիալական և կենսական նշանակություն ունեցող կարևորագույն և հրատապ ծրագրեր իրականացնելու համար:

Նկատենք, որ պատերազմի ավարտից հետո 2021 թվականի հունվարին ՀՀ Կառավարությունը Սյունիքի մարզպետարանին հատկացրեց Սյունիքի մարզի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման համար 200 մլն դրամ, որից ապրիլի 28-ի դրությամբ փաստացի հատկացվել է 17.4 մլն դրամ։

Այդ 200 միլիոն դրամը հունվարին ՀՀ Կառավարությունը հատկացրել է դարձյալ Սյունիքի մարզպետարանին, իսկ թե ինչու է հիմա շրջանցում մարզպետարանն ու գումարը հատկացնում հիմնադրամի, պարզ չէ:

Չի բացառվում, որ Կառավարության այս որոշման պատճառը Սյունիքի մարզում Փաշինյանի մերժումն էր, գուցե մարզպետարանին շրջանցելու պատճառը նաև այն է, որ 200 մլն դրամի հատկացումը մարզպետարանը ոչ արդյունավետ է օգտագործել, ուստի հիմա 500 մլն դրամ գումարի ծախսը պետությունը վստահում է ոչ թե պետական կառույցի՝ մարզպետարանին, այլ՝ հիմնադրամին։