գլխավոր Իրադարձային Եթե պետություն ունենայինք, առաջին իսկ սահմանախախտը կձերբակալվեր կամ կոչնչացվեր, ոչ թե 72...

Եթե պետություն ունենայինք, առաջին իսկ սահմանախախտը կձերբակալվեր կամ կոչնչացվեր, ոչ թե 72 ժամ հետո ԱԺ-ում քննարկում կհրավիրվեր. Թևան Պողոսյան

Երբ Քարվաճառն ու Քաշաթաղն անարյուն հանձնում էինք, մարդիկ իրենց ձեռքով այրում էին սեփական տները, թողնում ու հեռանում, կարելի էր հիշել Հայոց ցեղասպանության տեսարանները, ցավոք, անցած կես տարում էլ, այսօր էլ տեսնում ենք նույն բանը՝ մեզ սուտ երաշխիքներ էին տալիս, թե ՀՀ սահմանին ոչինչ չի կարող լինել. այսօր խնդիր ունենք և՛ Սյունիքում, և՛ Գեղարքունիքում, վաղը դա կլինի Արարատում, Վայոց Ձորում, Տավուշում, մենք կաթվածահար պետություն ենք: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը:

«Մեր պետությունն այսօր միայն նոմինալ է, եթե պետություն ունենայինք, ոչ թե 72 ժամ հետո ԱԺ-ում քննարկում կլիներ, այլ առաջին իսկ սահմանախախտը կձերբակալվեր կամ կոչնչացվեր։ Մենք ինքներս չենք հասկանում՝ մեր պետական ինքնության խնդիրն ինչպես ենք ձևավորելու։ Այս իշխանությունը նույնիսկ ներողություն չխնդրեց լրագրողներից՝ սահմանային միջադեպերի մասին ահազանգելու մեջ մեղադրելու համար։ Սրանք կաթվածի են հասցրել երկիրը, չկա ժողովրդավարության որևէ բնութագրիչ»,- ասել է հասարակական գործիչը:       

Ըստ Պողոսյանի՝ իշխանությունն անվստահության մթնոլորտ է ձևավորել պետության և բանակի նկատմամբ, սահմանին ապրող գյուղացիներն սպասում են բանակին, բայց ապարդյուն. «Ամեն սահմանամերձ գյուղում 50-100 հոգանոց զինված օգնական ուժ պետք է լինի, բայց սրանք գյուղացիներին են զինաթափում։ Արցախն էր Հայաստանի անվտանգության երաշխավորը, մեր թշնամին դարեր ի վեր չի փոխվել։ Աշխատում է միայն մեկ ինստիտուտ՝ մարդու իրավունքների պաշտպանը։ Պետք է օր առաջ հեռացնել սրանց, ոչ թե սպասել մինչև հունիսի 20-ը»:

Հասարակական գործչի կարծիքով՝ քաղաքական ուժերը փորձում են զսպվածությամբ պահպանել պետականության փշրանքները, բայց ադրբեջանցիներն այդ ընթացքում միայն առաջ են գալու. «Թշնամին ազնվորեն ասել է իր երազանքները՝ Սևան, Զանգեզուր, Երևան։ Այն, ինչ թշնամին ասում է մեզ, պետք է ընդունել ի գիտություն և պայքարել դրա դեմ։ Թող բոլոր գյուղերը մերժեն ընդունել վարչապետին, նա ուր գնում է, այդ համայնքները հանձնվում են։ Ինչո՞ւ որոշվեց ընտրությունն անել հունիսի 20-ին, այլ ոչ թե, ասենք, մայիսի 28-ին՝ նաև Վերածննդի խորհրդով։ Քաղաքական ուժերը մտածում էին՝ մինչ այդ ամեն ինչ լա՞վ է լինելու»:

Հասարակական գործչի պնդմամբ՝ ՀԱՊԿ-ին դիմելն անիմաստ է, քանի դեռ հայաստանյան բանակն ինքնուրույն չի գործել՝ չեզոքացնելով սահմանախախտներին: «Ադրբեջանը ցույց է տալիս, որ երկարատև ռազմավարություն է մշակում, այս գործողության հետևում նպատակներ կան, դրանք պետք է կարդանք և հասկանանք։ Հավանական է՝ հայաստանյան իշխանության հետ համագործակցված են գործում, որ հետաձգվի արտահերթը։ Մեր պատերազմը չի ավարտվել, այն շարունակվում է, եթե սկսենք ապրել այդ ապրելակերպով, կունենանք Իսրայելի պես պետություն։ Այս իշխանությունը Թուրքիայի և Ադրբեջանի լավագույն դաշնակիցն է»,- ամփոփել է Թևան Պողոսյանը: