գլխավոր Իրադարձային Գյուղացիների շրջանում խուճապ չկա, բոլորը իրենց տներում են, ուղղակի անորոշ վիճակ է....

Գյուղացիների շրջանում խուճապ չկա, բոլորը իրենց տներում են, ուղղակի անորոշ վիճակ է. Ակների գյուղապետ

Ադրբեջանցի զինվորականները չեն հեռացել Սյունիքի սահմանամերձ Ակներ գյուղի մոտ գտնվող բարձունքից, նրանք շարունակում են այնտեղ մնալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ակների համայնքապետ Սպարտակ Մինասյանը:

«Նրանց տեղակայումն այնքանով է վտանգավոր, որ մեր գյուղը եւ Գորիս քաղաքը անմիջապես իրենց հասանելի են դառնում: Գյուղացիների շրջանում խուճապ չկա, բոլորը իրենց տներում են, ուղղակի անորոշ վիճակ է, սպասում ենք` ինչ է լինելու: Մուրադովն էլ արդեն եկել է, բանակցությունները շարունակվում են, տեսնենք` գոնե այսօր  մի համաձայնության գան»,-ասաց Մինասյանը:

Հիշեցնենք` ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և, որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։ ՊՆ-ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

ԱԽ նիստ կայացավ նաև մայիսի 13-ին․ Փաշինյանը հայտարարեց, որ հանձնարարել է ՀԱՊԿ պայմանագրով նախատեսված խորհրդակցություններ սկսել։

Հիշեցնենք նաև, որ մայիսի 14-ին տեղեկություններ տարածվեցին, որ ադրբեջանցիները Ակներ գյուղի վերևի հատված էին առաջացել, որի հետևանքով Գորիս քաղաքն ընկնում է անմիջական նշանառության տակ։