գլխավոր Իրադարձային Թշնամին լկտիացել է, իրեն պահում է սանձարձակ՝ օգտվելով առիթից, որ Հայաստանում իշխանության...

Թշնամին լկտիացել է, իրեն պահում է սանձարձակ՝ օգտվելով առիթից, որ Հայաստանում իշխանության ղեկին գտնվում է անկարող ղեկավարություն. Իշխան Սաղաթելյան

Երկրում անիշխանություն է, այն ամենն, ինչ կատարվում է ՀՀ սահմանների և ինքնիշխանության հետ, դա պայմանավորված է Հայաստանի ղեկին հայտնված ապաշնորհ, ապազգային, անկարող իշխանության վարքագծով, որն էլ առիթ է տվել թշնամուն հերթական անգամ լկտիանալ և ոտնձգություն կատարել ՀՀ սահմանների և ինքնքիշխանության նկատմամբ: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Սյունիքի և Գեղարքունիքի մարզ ադրբեջանական զինվորների ներխուժմանը։

«Մենք վեց ամիս շարունակ ամենօրյա ռեժիմով ասում  էինք, որ այս չարիքի կառավարության մեկ օր ավել մնալը լի է մեր երկրի համար վտանգներով: Մեր ժողովրդին և հասարակությանն ասել ենք, որ գործող իշխանությունը կործանարար է Հայաստանի համար, հիմա մենք տեսնում ենք այն, ինչի մասին  շարունակ բարձրաձայնում էինք: Թշնամին լկտիացել է, իրեն պահում է սանձարձակ՝օգտվելով առիթից, որ Հայաստանում իշխանության ղեկին գտնվում են ապազգային, անկարող ղեկավարություն»,-ասաց Սաղաթելյանը:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչն ընդգծեց, որ բանակը պետք է իր բարձրության վրա և տեր կանգնի ՀՀ տարածքային ամբողջականությանը, կարևորեց նաև, որ միջազգային հանրությանը պատշաճ կերպով ներկայացվի իրավիճակի լրջությունը.

«Կա նաև միջազգային դիվանագիտության խնդիր,որին Հայաստանի իշխանությունը պատրաստ չէ: Այս առումով ասեմ, որ ՀՅԴ-ն աշխարհ բազմաթիվ երկրներում կբարձրաձայի այս խնդիրը, տարբեր երկրներում դեսպանատների և միջազգային կազմակերպությունների առջև տեղի կունեն ակցիաներ, մեր բողոքը, զայրույթը և ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայության գնահատականը հնչեցնելու վերաբերյալ: ՀՅԴ կամավորական վաշտերն ամբողջությամբ պատրաստ են ներգրավվել մեր հայրենիքի սահմանների պաշտպանությանը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:

Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում ստեղծված իրավիճակում ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության քայլերը՝ զրուցակիցն արձագանքեց.

«Ցավն այն է, որ քաղաքական ղեկավարության չունենք, իսկ ռազմական ղեկավարությունը գերի է ընկել այս սրիկաների ձեռքը»:

Իսկ հնարավոր համարու՞մ է, որ իրավիճակից ելնելով երկրում ռազմական դրություն հայտարարվի և ընտրությունները չեղարկվեն, Սաղաթելյանը պատասխանեց.

«Ես Փաշինյանի որևէ քայլի վրա վերլուծություն կամ մեկնաբանություն փորձում եմ չանել, որովհետև մենք գործ ունենք անհայրենիք մարդու հետ, որի ձեռքին այս պետությունն ու ժողովուրդը կրակն է ընկել»:

Նշենք, որ արդեն 4-րդ օրն է, ինչ ադրբեջանական զինուժն իր հսկողության տակ է պահում Սյունիքի Սեւ լիճը, Գեղարքունիքի Վարդենիսի որոշ բարձունքներ, բացի այդ՝  առաջացել Գորիս-Սիսիան-Երեւան ճանապարհի երկայնքով՝ մինչեւ Սիսիանի դարպասներ։