գլխավոր Իրադարձային Պատմական Հայաստանի դեկորատիվ-կիրառական արվեստի արժեքավոր նմուշները կցուցադրվեն «Զվարթնոց»-ում

Պատմական Հայաստանի դեկորատիվ-կիրառական արվեստի արժեքավոր նմուշները կցուցադրվեն «Զվարթնոց»-ում

Թանգարանների միջազգային օրվա շրջանակում մայիսի 18-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կբացվի հայկական ժողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստի ժամանակավոր ցուցադրություն։  

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, կներկայացվի հայկական ժողովրդական  ու դեկորատիվ-կիրառական արվեստն իր բազմազանությամբ ու հարստությամբ:

ՊՈԱԿ-ն ունի ժողովրդական արվեստի  նմուշների  ոչ  շատ մեծ, բայց  արժեքավոր  հավաքածու։ Նշանակալի են՝ գորգերը, կարպետներն ու կարպետագործ իրերը: Հավաքածուն ընդգրկում է պատմական Հայաստանի համարյա բոլոր  գորգագործական ու կարպե­տա­գործական  կենտրոններին  վերաբերող  իրեր:

Կցուցադրվեն տարբեր տարիներին գործված գորգեր, կարպետներ, անկողնապարկեր, աղի քսակներ, ասեղնագործ ու ժանեկագործ իրեր, ինչպես նաև՝ 20-րդ դարի 2-րդ կեսով թվագրվող դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործություններ՝ փայտի փորագրության, մետաղի գեղարվեստական մշակման և խեցեգործության նմուշներ։

Ցուցադրությունը կտևի մեկ ամիս։