գլխավոր Քաղաքականություն Կան մոտեցումներ, որոնք տարբերվում են. Հարությունյանը` Քոչարյանի հետ դաշինք կազմելու մասին

Կան մոտեցումներ, որոնք տարբերվում են. Հարությունյանը` Քոչարյանի հետ դաշինք կազմելու մասին

«Պատիվ ունեմ» դաշինքը չմիավորվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, քանի որ կան որոշակի մոտեցումներ, որոնք տարբերվում են։ Այս մասին հայտնեց «Պատիվ ունեմ» նախընտրական շտաբի ներկայացուցիչ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ դաշինք չկազմեցին Քոչարյանի հետ։

Նշենք, որ ՀՀԿ–ն և «Հայրենիք» կուսակցությունն այսօր դաշինք կազմավորելու մասին հուշագիր ստորագրեցին։ Նրանք ընտրություններին կմասնակցեն «Պատիվ ունեմ» դաշինքով:

«Մեր նպատակները նույնն են` ունենալ անվտանգ և զարգացող Հայաստան, հեռացնել գործող իշխանություններին։ Սակայն կան մոտեցումներ էլ, որ տարբեր են, բայց սա չի նշանակում, որ մենք չենք համագործակցում։ Մենք համագործակցում ենք, սակայն ընտրողներին նաև այլընտրանք են առաջարկել»,–ասաց Հարությունյանը։

Հարությունյանը հավելեց` այն, որ ընդդիմադիր ուժերը տարբեր ճակատներով են պայքարի գնում, ամենևին էլ չի նշանակում ուժերի փոշիացում։ Ավելին, իրենք կարծում են, որ այդպես ավելի ճիշտ և արդյունավետ է։

Մեկ այլ հարցի, թե հնարավո՞ր է, որ ՀԱԿ–ն էլ միանա իրենց դաշինքին` Հարությունյանը նշեց, որ ոչինչ չի բացառում և միայն իշխանության կողմից ստեղծված կեղծ ընդդիմադիր ուժերի հետ համագործակցությունն են բացառում։