գլխավոր Իրադարձային Լեղաճաք եղած զանգեց և ասաց` թուրք է տեսել. վերիշենցի հովվի կինը մանրամասներ...

Լեղաճաք եղած զանգեց և ասաց` թուրք է տեսել. վերիշենցի հովվի կինը մանրամասներ է պատմում

Վերիշեն համայնքի հովիվը` Վաչագան Առստամյանը, մայիսի 12-ին, երբ թուրքերը մտել են Սև լճի տարածք, առաջինն է նրանց տեսել։ Sputnik Արմենիայի թղթակիցը Սյունիքում հանդիպել է հովվի կնոջը` տիկին Սիլվային, և զրուցել նրա հետ։

«Մայիսի 12-ին առավոտ շուտ Վաչագանն անասունները հանեց վերև, քիչ հետո լեղաճաք եղած զանգեց ու թե` հանդիպել եմ մի խումբ մարդկանց, որոնք մոտիկացել, թուրքերեն բարևել են։ Սկզբում մտածել է, որ կարող է` կատակ են անում, բայց տեսել է, որ չէ, լրիվ լուրջ է։ Ասում է` թուրքերը ձեռքով էին անում իրեն, թե` արի մեզ մոտ»,–պատմել է տիկին Սիլվան։

Կնոջ խոսքով` դեպքից հետո ամուսինը լուր է տվել համագյուղացիներին, և արդեն պարզ է դարձել, որ ադրբեջանցիները մտել են Սև լճի տարածք։ Ամուսինը պատմել է, որ շատ են եղել ադրբեջանցիները։

Մինչ օրս հովիվն այդ տարածքում է, այսինքն` Սև լճի տարածքի ներքևի մասում, իսկ ադրբեջանցիները վերևում են։