գլխավոր Իրադարձային Ադրբեջանցին նշեց` եթե ասեն վերադարձեք, ներողություն կխնդրենք, կգնանք. Վարդենիսի ղեկավար. Sputnik Արմենիա

Ադրբեջանցին նշեց` եթե ասեն վերադարձեք, ներողություն կխնդրենք, կգնանք. Վարդենիսի ղեկավար. Sputnik Արմենիա

Երեկ չէ առաջին օրվանից Վարդենիսի տարածքում հակառակորդի կողմից որևէ առաջխաղացում, դիրքային որևէ փոփոխություն չկա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը։

«Ստեղծված իրավիճակը բավական լարվածություն է մտցրել Վերին Շորժայի բնակիչների մոտ։ Չնայած` մարդիկ ապրում են իրենց բնականոն հունով` երեխաները դպրոց են հաճախում, մեծերը հողագործությամբ են զբաղվում»,–ասաց Մելքոնյանը։

Նրա խոսքով` տեղում բանակցություններ են վարում բանակային կորպուսի, պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև ադրբեջանցիների կողմից ներկայացուցիչներ։

«Ես ինքս մի քանի տեղերում ներկա եմ եղել բանակցություններին, որևէ լարվածություն չեմ նկատել։ Անգամ ադրբեջանցի հրամանատարներից մեկն ասաց` եթե մեզ ասեն հետ վերադարձեք, ապա մենք ներողություն կխնդրենք ու կվերադառնանք նախկին դիրքեր»,–ասաց Մելքոնյանը։

Համայնքի ղեկավարը նշեց` տեղի բնակիչներին ճշմարտությունն է ներկայացվում, քանի որ բնագծերն այնքան մոտ են, որ նրանք անձամբ կարող են իրավիճակին «մոտիկից» ծանոթանալ։

Մելքոնյանն ասում է` սա թշնամու կողմից ուղղակի սադրանք է, քանի որ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի մոտ եղած սահմանազատման քարտեզները համընկնում են, իսկ ադրբեջանցիների ձեռքին կեղծ մի քարտեզ է։