գլխավոր Իրադարձային Թուրքիայում քուրդ ընտանիքը «Գորշ գայլեր» խմբավորման անդամների կողմից հարձակման է ենթարկվել

Թուրքիայում քուրդ ընտանիքը «Գորշ գայլեր» խմբավորման անդամների կողմից հարձակման է ենթարկվել

Հյուսիսային Իրաքի քրդաբնակ Քուրդիստանի տարածաշրջանային կառավարությունից մի ընտանիք  Թուրքիայի հարավային Մերսին նահանգում բռնության է ենթարկվել։

Այս մասին հայտնում է Ahval թերթը՝ հղում տալով թուրքալեզու Mezopotamya լրատվական գործակալությանը։

«Գորշ գայլեր»-ին հատուկ ձեռքի նշանը ցույց տալով՝ 3 մարդ քարերով և մահակներով հարձակվել է ընտանիքի վրա, ինչի հետևանքով ընտանիքի անդամներից մեկը լուրջ վիրավորվել է, իսկ մյուս երկուսը վնասվածքներ են ստացել։ Անվտանգության ուժերի կողմից բերման ենթարկվածները նշել են, որ միջադեպը տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառով։

Ջիհան Քութլուք անունով քաղաքացին, որը օգնել է հարձակման ենթարկված ընտանիքին, նշել է, որ հարձակվողները մի քանի անգամ քարերով հարվածել են տղամարդուն, որը գլխի լուրջ վնասվածք է ստացել և արնաշաղախ եղել։

Հարձակվողները միջադեպից հետո փախուստի են դիմել՝ սպառնալով սպանել նրանց, ովքեր ցուցմունք կտան։

Նշենք, որ «Գորշ գայլեր»-ին հատուկ ձեռքի նշանը տարածված է «Գորշ գայլեր» խմբավորման շրջանում, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության կոալիցիոն գործընկեր «Ազգային շարժում» կուսակցության շրջանում։