գլխավոր Գլխավոր ՀԱՊԿ-ը արձագանքելու երեք օրվա ժամկետ ունի. ԱԳ փոխնախարար

ՀԱՊԿ-ը արձագանքելու երեք օրվա ժամկետ ունի. ԱԳ փոխնախարար

ՀԱՊԿ-ը արձագանքելու երեք օրվա ժամկետ ունի։ Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Արտակ Ապիտոնյանը։

«Երեք օրվա ընթացքում մեխանիզմը սկսում է աշխատել։ Մեխանիզմը ենթադրում է արտահերթ խորհրդակցություններ ՀԱՊԿ-ի անդամ-երկրների մեջ, որի ընթացքում էլ ձեւավորվում է համապատասխան միջոցառումների առաջարկներ։ Միջոցառումների առաջարկներն էլ կախված են իրադարձությունների զարգացումից»,- նշեց փոխնախարարը։

Լրագրողի այն դիտարկմանը, որ հակառակորդը 250 հոգանոց զինվորականներով հատել է պետական սահմանը, արդյոք Հայաստանը 4-րդ հոդվածով չպե՞տք է դիմեր ՀԱՊԿ-ին, փոխնախարարն ասաց. «Անհրաժեշտություն կար նախ սկսելու քննարկումները ՀԱՊԿ-ի գործընկերների հետ՝ հասկանալու պրոցեդուրաները։ Պետք է նկատի ունենալ, որ ՀԱՊԿ-ի այս գործընթացը երբեք չի գործարկվել»։

Անդրադառնալով ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ դիմելուն՝ Ապիտոնյանն ասաց. «Մենք իրավիճակի մասին տեղեկացրել ենք թե ՀԱՊԿ-ի մեր գործընկերներին, թե ԵԱՀԿ-ի գործող նախագահողին եւ տեղեկացրել ենք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամներին»։

ԱԳ փոխնախարարը նշեց, որ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նամակ է գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Նա նշեց, որ այն ընթացքի մեջ է, սակայն հրաժարվեց մանրամասներ հայտնել նամակի բովանդակությունից։