գլխավոր Մեդ Սիսիանում աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններով այս պահին բուժվում է 7 պացիենտ

Սիսիանում աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններով այս պահին բուժվում է 7 պացիենտ

Սիսիան համայնքում արձանագրվել է աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններով 370 դեպք:

Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:

«370 հոգուց հիվանդանոցում այս պահին բուժվում է 7 պացիենտ: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Մյուս բնակիչները բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Խմելու ջրի և հիվանդների կենսանմուշների լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ մայիսի 11-ին վերցված ջրի նմուշները, ըստ մանրէաբանական ցուցանիշների, չեն համապատասխանում խմելու ջրին ներկայացվող պահանջներին, իսկ պացիենտների կենսանմուշներում հայտնաբերվել են աղիքային ախտածին տարբեր հարուցիչներ (այդ թվում` բակտերիաներ՝ Էնտերոախտածին աղիքային ցուպիկ, Յերսինիա էնտերոկոլիտիկա և կամպիլոբակտեր, ինչպես նաև վիրուսներ՝ Նորովիրուս և Ադենովիրուս), ինչը բնորոշ է աղիքային վարակիչ հիվանդությունների ջրային գործոնով պայմանավորված բռնկումներին»,- նշում են ՀՀ ԱՆ-ից:

2021 թվականի մայիսի 9-11-ն ընկած ժամանակահատվածում աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշաններով Սիսիանի բժշկական կենտրոն էր դիմել 13 բնակիչ, որից 5-ը հոսպիտալացվել էր: