գլխավոր Շոուբիզնես Լոպեսը նշանադրությունը չեղյալ հայտարարելուց հետո նախկին փեսացուի հետ ռոմանտիկ ուղևորության է մեկնել...

Լոպեսը նշանադրությունը չեղյալ հայտարարելուց հետո նախկին փեսացուի հետ ռոմանտիկ ուղևորության է մեկնել (լուսանկարներ)

Հոլիվուդյան դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսն ամերիկացի նախկին բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսի հետ նշանադրությունը պաշտոնապես չեղյալ հայտարարելուց շաբաթներ անց ռոմանտիկ ուղևորության է մեկնել նախկին փեսացուի՝ հայտնի դերասան Բեն Աֆլեքի հետ։

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, Լոպեսն Աֆլեքի հետ մասնավոր ինքնաթիռով մեկնել է Մոնտանա նահանգում գտնվող շքեղ լեռնադահուկային հանգստավայր, որտեղ, ինչպես հայտնի է, դերասանն առանձնատուն ունի։

Աղբյուրները հայտնում են, որ զույգը «մոտ մեկ շաբաթ» միասին է անցկացրել դերասանին պատկանող առանձնատանը և Լոս Անջելես է վերադարձել շաբաթ օրը։

Daily Mail-ի հրապարակած լուսանկարներից առաջինում 48-ամյա դերասանը նստած է մեքենայի ղեկին, նրա կողքին՝ 51-ամյա դերասանուհին է։ Մյուս լուսանկարներում զույգը, միմյանց ձեռք բռնած, իջնում է մասնավոր ինքնաթիռից, որով վերադարձել է Լոս Անջելես։

Նշենք, որ զույգի՝ հաճախակի դարձած հանդիպումների մասին ԶԼՄ-ները գրում են արդեն մի քանի շաբաթ։

Հիշեցնենք, որ դերասանները նշանադրվել են 2002 թվականին։ Նրանք բաժանվել են 2004 թվականի հունվարին։ Լոպեսը մի առիթով Աֆլեքից բաժանությունն անվանել է «իր կյանքի առաջին մեծ վիշտը»։