գլխավոր Գլխավոր ՀՀ առաջին նախագահը փորձում է իր ուզած ձևով գծել ներքաղաքական...

ՀՀ առաջին նախագահը փորձում է իր ուզած ձևով գծել ներքաղաքական քարտեզը

Երբ մայիսի 5-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես եկավ իր հայտնի առաջարկով՝ ուղղված ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին, Փաշինյանի հրաժարականն անհրաժեշտություն համարող շատ քաղաքացիների տարօրինակ թվաց, թե ինչու տարբեր շրջանակների կողմից ոչ այնքան միանշանակ գնահատականների արժանացավ, իսկ նախկին երկու նախագահների կողմից էլ՝ մերժվեց  Հայաստանի պատմության մեջ, կարծես թե, նախադեպը չունեցող  դաշինքով  համատեղ պայքարը՝ հայրենիքին պատուհասած համընդհանուր չարիքի դեմ։

Տեր-Պետրոսյանի հրապարակած առաջարկին հաջորդած ոչ միանշանակ գնահատականները և երկրորդ ու երրորդ նախագահների մերժումը  ոմանց տարօրինակ թվացին այն պատճառով, որ Փաշինյանին հեռացնելու անքննարկելի անհրաժեշտությունը նրանք դիտարկեցին  զուտ զգացմունքային, էմոցիոնալ դաշտում,  ու  մի պահ անտեսվեց  հարցի խորքային կողմը ։ Անտեսվեցին Հայաստանի 30 տարվա պատմության շատ վիճահարույց դրվագներ, որոնցում առանցքային դերակատարում է ունեցել Տեր-Պետրոսյանը, անտեսվեց նրա քաղաքական հավակնությունների «արտաքին շերտը», ասել է թե՝ հակվածությունը դրսի այս կամ այն շրջանակին, անտեսվեցին նրա արմատական հակադրումները իրենից հետո ձևավորված իշխանության վարած քաղաքական կուրսին, անտեսվեց արդեն այս օրերին Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի բովանդակային մասնակցությամբ ձևափոխվող ներքաղաքական դաշտում սեփական ներկայացվածությունն իր ուզած  հունով տանելու, հղկելու և, ի վերջո, ամրագրելու՝ Տեր-Պետրոսյանի նկրտումը, անտեսվեցին նաև նրա «հեղափոխական դրսևորումները»՝ անցած տարիների ընթացքում, որոնք սկիզբ դրին 2018 թվականի համազգային աղետին։  

Շարքն, իհարկե, շարունակելի է, բայց չանտեսենք մի կարևոր հանգամանք ևս․ զգացմունքային շերտով պատված քննադատությունները, որոնք Տեր-Պետրոսյանի հայտարարությունը մերժելուց հետո ուղղվեցին ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին, իրականում ձեռնտու էին հենց Տեր-Պետրոսյանին։ Նրա քաղաքական   կշիռը միանգամից  «բարձրացավ»  դրանց ֆոնին, մանավանդ, որ զուգահեռ՝  նպատակաուղղված  աշխատանք տարվեց ստեղծելու  տրամադրություններ,   թե Հայաստանն ու Արցախը պարտված ու դավաճան իշխանությունից համատեղ ջանքերով  ազատելու ՀՀ առաջին նախագահի առաջարկը նախկին մյուս նախագահները չեն ընդունում, քանի որ ամեն մեկն իր սեփական «հաշիվներն» ունի ապագա ընտրապայքարում ու դրա ելքում։ Այսպիով Տեր-Պետրոսյանը առատ ջուր լցրեց նրանց ջրաղացին, ովքեր, հավաստիանալով առաջիկա ընտրություններին Ռոբերտ Քոչարյանի՝ ուղղակի և Սերժ Սարգսյանի՝ անուղղակի՝ ՀՀԿ-ի միջոցով  մասնակցելու մեջ, լրատվական դաշտն   սկսեցին ակտիվորեն  աղտոտել   ընդդիմության ներսում, նաև ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների միջև «հակասությունների» մասին չափազանցված հրապարակումներով, որոնց միակ նպատակը ընդդիմության և ընդդիմության լիդերների պայքարը որպես «իշխանապայքար» ներկայացնելն էր և է։

Ու հենց այստեղ էր, որ հասարակությանը չմատուցվեց ամենակարևորը ․ երկրորդ և երրորդ նախագահներն իրենց պաշտոնավարման առանցքը, հիմքը, սյունը համարել են ու ըստ այդմ էլ՝ իրենց քաղաքականությունը կառուցել են մեկ՝ ընդհանուր նպատակի շուրջ, և դա   նրանց միավորող ամենակարևոր գործոնն է․ Հայաստանի և Արցախի անվտանգություն, բանակցային պրոցեսի միջոցով՝ Արցախի միջազգային ճանաչում։ Եվ Տեր-Պետրոսյանն էր, որ Արցախի հարցի լուծման հակադրվող դիրքորոշում էր հայտնել 1997 թվականին, ինչն էլ նրա հրաժարականի պատճառն էր դարձել։ Կանխելու համար «եթե»-ով հակադարձումները, օրինակ՝ եթե Տեր-Պետրոսյանին լսեին, այսօր այսպես չէր լինի, կարելի է պարզապես շարունակել նույն ոճով․ «եթե» 2018-ի իշխանափոխությունը չլիներ, Քոչարյանի ու Սարգսյանի օրակարգով առաջնորդվելու դեպքում պատերազմ և այսպիսի տարածքային կորուստներ էլ չէին լինի։  Սա՝ ի միջի այլոց։  Բայց մի կարևոր հանգամանք էլ․   վերջին շրջանում ընդդիմության կողմից բազմաթիվ պաշտոնական հայտարարություններ են հնչել՝ հավաստող, որ ընդդիմության գործադրած տակտիկական մոտեցումները կարող են տարբեր լինել պայքարի այս փուլում, սակայն ընդհանուր ռազմավարության  ելքն ու նպատակը նույնն է՝ պետության ու պետականության պահպանում՝ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու միջոցով։ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքի և ՀՀԿ- «Հայրենիք» դաշինքի պայքարը միավորող գործոնը   հենց սա է, և հակասություններ փնտրել այնտեղ, որտեղ դրանք չկան, ընդամենը տեխնոլոգիա է։

Իսկ գուցե այստե՞ղ էր, որ Տեր-Պետրոսյանը ցանկացավ ներքաղաքական քարտեզն իր ուզած ձևով գծել և  իր առաջին հայտնի հայտարարությունից հետո հիմա էլ հանդես եկավ երկրորդով։  Տեր-Պետրոսյանն այսօր ևս «գաղտնազերծումներ» արեց ու հայտնեց, որ մայիսի 1-ին էլ  առանձին առաջարկ   է ուղղել  արդեն  ՀՀ երրորդ նախագահին՝ Սերժ Սարգսյանին՝ այս անգամ արդեն երկուսով պայքար ծավալելու բովանդակությամբ։ «Ռոբերտ Քոչարյանի կողմից իմ առաջարկի կտրուկ մերժումից հետո, ս.թ. մայիսի 1-ին հանդիպել եմ Սերժ Սարգսյանի հետ՝ նրան առաջարկելով  ընտրություններին մասնակցել ՀԱԿ-ՀՀԿ դաշինքով և հանդես գալ իմ կողմից շարադրված հայտարարությամբ»,– այսօր հայտնեց  Լևոն Տեր-Պետրոսյանը և հրապարակեց իր հայտարարության տեքստը, որում այսպիսի մի կետ է առանձնացրել․ Սերժ Սարգսյանի հետ համատեղ՝ ՀԱԿ-ՀՀԿ  դաշինքով պայքարը Տեր-Պետրոսյանը ակնկալել է  ծավալել՝  նկատի ունենալով նաև «ՀՀ երկրորդ նախագահի՝ ոչ այնքան երկրի շահերով, որքան զուտ ռևանշիստական մղումներով ձևավորած դաշինքի նպատակադրությունը»։

Կարելի՞ է արդյոք այստեղ ՀՀ առաջին նախագահին հարցնել, թե ինչու՞  է նա ակնկալում, որ ՀՀ երրորդ նախագահը պիտի այսպիսի բովանդակությամբ հայտարարությանն իր համաձայնությունը տար և ո՞վ է այս դեպքում հակասություններ մտցնում ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների հարաբերություններում։ Կամ կարելի՞ է արդյոք այստեղ ՀՀ առաջին նախագահին հարցնել, թե ինչու՞  էր  նա ակնկալում, որ  դեռ  ապրիլի 29-ին  «Հայրենիք» կուսակցության հետ դաշինքով  մասնակցելու մասին հայտնած ՀՀԿ-ն կամ նրա ղեկավարը պիտի  ընդուներ Տեր-Պետրոսյանի կողմից  մայիսի 1-ին արված առաջարկը։ Գուցե այս հարցերի պատասխաններն ակնկալենք ՀՀ առաջին նախագահի հաջո՞րդ գաղտնազերծումներում։ Զարգացումները, կարծես թե, հուշում են, որ այդպիսիք էլի կլինեն։

Մինչ այդ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակն է արձագանքել Լևոն-Տեր-Պետրոսյանի հերթական հրապարակմանը՝ հայտնելով, որ մայիսի 1-ին ՀՀ առաջին և երրորդ   նախագահների միջև հանդիպում, իրոք, կայացել է, սակայն Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակած հայտարարության տեքստը  նախագահ Սարգսյանն   առաջին անգամ է տեսնում:

Կարևոր արձանագրում է։ Բայց դրանից զատ՝  այսօր հրապարակած իր հայտարարության մեջ Տեր-Պետրոսյանը որոշ հարցերի պատասխաններ իր տեսանկյունից, այնուամենայնիվ, տալիս է։ Նա, օրինակ, հայտարարության վերջում փաստում է, թե ինչու է մի քանի օրը մեկ անգամ ներքաղաքական օրակարգ թելադրում։

«Թե՛ եռակողմ, թե՛ երկկողմ հայտարարությունների գաղտնազերծմամբ ես հետապնդում էի ընդամենը մեկ նպատակ. այն է՝ հասարակական ճնշում բանեցնել երկրորդ և երրորդ նախագահների վրա՝ իմ պատկերացրած դաշինքի իրականանալիությունը դեռևս բացառված չհամարելով: Դատելով իմ նախորդ հրապարակման արձագանքներից, ես համարում եմ, որ մասամբ հասել եմ իմ նպատակին: Բազմաթիվ քաղաքական գործիչներ, վերլուծաբաններ, լրագրողներ, մտավորականներ, որոնք երբեք իմ համակիրը չեն եղել, ողջունել են այս նախաձեռնությունը: Վստահ եմ, որ նույնպիսի արձագանքի կարժանանա նաև այս հրապարակումը:Անկարևոր չեմ համարում ուշադրություն հրավիրել նաև մի ուրախալի երևույթի վրա: Առաջին անգամ մեր երկրում մենք ականատես ենք դառնում իրական քաղաքական բանավեճի, ինչին ինձ չհաջողվեց հասնել 1997 թվականին հրապարակած «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածի պարագայում»:

Անկեղծ էր։   Համենայն դեպս, գոնե   ներքաղաքական կոնյուկտուրայի մասով։ ՀՀ առաջին նախագահը  փորձում է իր ուզած ձևով գծել  ներքաղաքական քարտեզի վրա  արդեն իսկ ուրվագծված  սահմանները։ Մնացած դետալները պակաս կարևոր չեն։ Անտեսանելի դետալները, որոնցից կազմված է խնդրի բուն՝  խորքային  մասը․․․  Կարո՞ղ է արդյոք այդ դետալներից մեկը, օրինակ, լինել այն, որ ՀՀ երկրորդ և երրորդ կամ միայն երրորդ նախագահի հետ դաշինք կազմելու և այդպիսով ապագա իշխանությունում ներկայացվածություն ունենալու ակնկալիքով կամ դրա  շնորհիվ՝    Լևոն Տեր-Պետրոսյանը   ձեռքի հետ ճանապարհ   հարթի  նաև իր որոշ վաղեմի հոգեզավակների համար։ Եթե ոչ գլխավորի՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ապա նրա սատելիտների։ Եվ այս կոնտեքստում արդեն բոլորովին արդիական չեն հնչում այսօրվա իշխանության տարբեր ներկայացուցիչների մեղադրական նոտաներն՝ ուղղված  «Պապիին», որի   ծավալած շարժման գաղափարական հենքի վրա էլ նրանք 2018-ին Հայաստանում ծավալեցին  այն, ինչը հետո պիտի կոչվեր «թավշյա հեղափոխություն»՝ իր բոլոր հետևանքներով։

Զարգացումներն առջևում են։ Զարգացումներ, որոնց ելքը ընդդիմությունը պատկերացնում է Փաշինյանին հեռացնելով և երկիրը նրա ստեղծած հետևանքներից   դուրս բերելով։ Տեր-Պետրոսյանը, կարծես թե, նույնպես։ Գոնե բանավոր մակարդակում և գոնե իր հրապարակած վերջին հայտարարությունների  մեջ։ Բայց, ինչպես ասում են, «սատանան մանրուքների մեջ է»։  Տեր-Պետրոսյանը Փաշինյանին հեռացնելու սեփական օրակարգը թելադրում է՝ սեփական գործիքակազմով ու սեփական՝ դեռևս ոչ ամբողջությամբ բացահայտված  նպատակադրմամբ։