գլխավոր Իրադարձային ԱԻՆ–ն ու ՀԿԵ–ն հուշագիր են ստորագրել. կողմերը միմյանց կփոխանցեն կուտակած փորձը

ԱԻՆ–ն ու ՀԿԵ–ն հուշագիր են ստորագրել. կողմերը միմյանց կփոխանցեն կուտակած փորձը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Նախարարի պաշտոնակատարը, կարևորելով գերատեսչության և ՀԿԵ-ի միջև ձևավորված համագործակցությունը, հույս է հայտնել, որ այն ավելի կընդլայնվի և կունենա շարունակական բնույթ: Փիլոյանն անդրադարձել է COVID-19-ի պատճառով հետաձգված համատեղ ծրագրերին, որոնք սկսել են շարունակաբար կյանքի կոչվել:

Մելնիկովը ևս կարևորել է կողմերի միջև փոխգործակցությունը` նշելով, որ ամբողջ աշխարհում երկաթգիծը համարվում է բարձր վտանգավորության օբյեկտ: Նա տեղեկացրել է, որ ընկերությունում գործում է վերականգնողական ստորաբաժանում և առաջարկել՝ արդյունավետության բարձրացման նպատակով վերապատրաստել իրենց մասնագետներին ԱԻՆ-ում, և ապագայում նրանց դիտարկել որպես գերատեսչության այսպես կոչված «արտահաստիքային» աշխատակիցներ:

Փիլոյանը ողջունել է առաջարկը և գործընթացին աջակցելու պատրաստակամություն հայտնել: Այդ համատեքստում նախարարի պաշտոնակատարը նշել է, որ պարբերաբար ուսումնավարժություններ են անցկացվում օդանավակայանի անձնակազմի հետ։ Նա ընդգծել է, որ այդ աշխատանքներում հնարավոր է նաև ՀԿԵ-ի ներգրավումը:

Փիլոյանը կարևորել է նաև փրկարարական աշխատանքներում ընկերության տեխնիկայի ներգրավման հնարավորությունը: Մելնիկովը վստահեցրել է, որ այդ հարցում իրենք պատրաստակամ են:

Հանդիպման վերջում կողմերը «Երկաթուղային ենթակառուցվածքում վտանգավոր բեռներով վթարային իրավիճակները վերացնելիս ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և «ՀԿԵ» ՓԲԸ-ի փոխգործակցության մասին» հուշագիր են ստորագրել:

Փաստաթղթի համաձայն՝ կողմերը պարտավորվում են անցկացնել համատեղ խորհրդատվություններ կամ մասնակցել կողմերի մարմինների, կառույցների աշխատանքներին, ստեղծել համատեղ աշխատանքային խմբեր, իրականացնել տեղեկատվության, կուտակած փորձի փոխանակում և այլն: