գլխավոր Իրադարձային Հստակ բան ասեմ, եթե ժողովուրդը դուրս գար փողոց, իշխանափոխություն տեղի էր ունենալու....

Հստակ բան ասեմ, եթե ժողովուրդը դուրս գար փողոց, իշխանափոխություն տեղի էր ունենալու. Արմեն Գրիգորյան

Մենք գնում ենք ընտրությունների՝ ժողովրդի մանդատը ևս մեկ անգամ ստանալու համար: Այս մասին Ազատության հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Վերջինս նշեց, որ կեղծ մեղադրանքներն իրենց հասցեին այնքան շատ են, որ անգամ պատերազմի հետ կապված հայտարարությունների մասով ստիպված են եղել սկզբում կեղծիքները հերքել, հետո արդեն առարկայական քննարկումներին անցնել:

«Շատերն ասում են, որ հուլիսյան դեպքերն են պատճառ հանդիսացել, որպեսզի սեպտեմբերի պատերազմը սկսվի. նախ այդ պատերազմի որոշումն ավելի շուտ է եղել և դա որոշակի չափով 2016 թվականի ապրիլին է արտահայտվել, բայց մի կարևոր բան էլ՝  հոկտեմբերին մեզ մոտ հետախուզական տվյալներ են հայտնվել, որոնք ցույց են տվել, որ հունիսին արդեն Ադրբեջանում ռազմական գործողություններ սկսելու որոշում է եղել, իսկ սրանց վերլուծությունը ցույց է տալիս, որ առնվազն ապրիլ-մայիսին Ադրբեջանում արդեն ռազմական գործողություն սկսելու որոշում է եղել»,- նշել է Գրիգորյանը:

Խոսելով իշխանականների այն խոստման մասին, որը տալիս էին մինչ ընտրվելը՝ «նախկինները պատժվելու են», սակայն դեռ չկա գոնե մեկ դատավճիռ, որը կատարում է այդ խոստումը, Գրիգորյանը նշեց՝ դատական բարեփոխումները որոշ չափով դանդաղել են և այն արդյունքները, որոնք ակնկալվում էր, դեռ չեն գրանցվել:

Հարցին, թե այն, ինչ տեղի է ունենում մարտի 1-ի դատավարության շրջանակներում, գոհացնո՞ղ է, վերջինս պատասխանեց. «Բնականաբար, չի գոհացնում, որովհետև հնարավորություն չի եղել նույնիսկ, որ դատական պրոցեսը տրամաբանական փուլ մտնի, հանրությունն ավելի կոնկրետ տեղեկանա, թե մարտի 1-ին ինչ է տեղի ունեցել, արդարություն լինի, բայց նույնիսկ այս պայմաններում շարունակվում է այս գործընթացը և կարծում եմ, որ այն բարեփոխումները, որ տեղի են ունենում, իրենց ազդեցությունն են ունենալու»,-ասաց Գրիգորյանը:

Անդրադառնալով սպասվող ընտրություններին և ակնկալվող արդյունքներին՝ ԱԽ քարտուղարը նշեց, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» ակնկալում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին ստանալ քվեների գերակշիռ մեծամասնությունը:

«Եթե նայեք սոցհարցման հրապարակված տվյալները, մոտավոր 35 տոկոսի շրջանակում «Քաղաքացիական պայմանագիրն» ունի, 3, 4, երբեմն 5 տոկոսի շրջանակներում, դրանից ավելի ցածր մնացած կուսակցությունները ունեն: Եկեք տեսնենք, դժվար գործ կլինի կանխատեսում կատարելը, բայց մենք գնում ենք ընտրությունների ժողովրդի մանդատը ևս մեկ անգամ ստանալու համար:

Երբ որ դու ժողովրդավար ես լինում, հեղաշրջումներ, ցանկացած այլ բաներ տեղի չեն ունենա, ինչպես նշեցի, 1998 թվականը շատ վառ օրինակ է մեր համար: Ինչո՞ւ 1998 թվականին մի քանի ուժային կարողանում են մեկ հոգու ստիպել հրաժարական տալ և իշխանություն վերցնել, 2020-21 թվականին էլիտար բունտ է տեղի ունենում և չի հաջողվում որևիցե բան անել: Ամբողջ կայունության աղբյուրը հիմնականում եղել է ժողովուրդը, 2020-ի ծանր փուլից հետո ժողովուրդը կարողացել է կայունություն ապահովել: Հստակ բան ասեմ, եթե ժողովուրդը դուրս գար փողոց, իշխանափոխություն տեղի էր ունենալու, բայց իշխանափոխություն տեղի չի ունեցել և նախկինների, նույնիսկ ուժային կառույցների բունտից հետո ընդհանուր համակարգը կայունություն է պահպանել, ինչքան էլ ասեն՝ համակարգ չի եղել, բայց կայունություն է պահպանվել, և մենք հասել ենք ընտրությունների, սա ֆունդամենտալ կարևոր հարց է: Մի քանի հոգի ինչքան էլ ռեսուրսներ ունեն, ինչքան էլ փող ունեն, ինչքան էլ աջակցություն ունեն տարբեր տեղերից, չեն կարողացել, չեն կարողացել Հայաստանում իշխանափոխություն իրականացնել»,-ասաց նա:

Ճշտող հարցին, թե ովքեր էին այդ մարդիկ, օրինակ Ռոբերտ Քոչարյա՞նը, Սերժ Սարգսյա՞նը՝ վերջինս պատասխանեց, որ շատ մարդիկ են եղել: «Ձեր թվարկածներն են եղել, բայց Ձեր աչքի առաջ է եղել, 17-ը, Լևոն Տեր-Պետրոսյանը, շատերն են ցանկացել նման բան, բայց դա տեղի չի ունեցել զուտ մեկ պատճառով, որովհետև հանրությունը թույլ չի տվել, կայունություն է պահպանվել համակարգի համար»: