գլխավոր Միջազգային Ադրբեջանը Կանադային և Ֆրանսիային կոչ է արել «օբյեկտիվ լինել»

Ադրբեջանը Կանադային և Ֆրանսիային կոչ է արել «օբյեկտիվ լինել»

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Ֆրանսիայի և Կանադայի ԱԳՆ կոչերը՝ բոլոր հայ ռազմագերիներին ազատ արձակելու անհրաժեշտության մասին:

Ադրբեջանի ԱԳՆ նշել է, թե իրենք հրավիրում են Կանադայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունների ուշադրությունը այն փաստին, որ հայկական կողմը մինչ օրս չի կատարել միջազգային մարդասիրական իրավունքով նախատեսված, ինչպես նաև եռակողմ հայտարարություններով ստանձնած իր պարտավորությունները:

«Հավանաբար, երկու երկրներն էլ տեղյակ են, որ Հայաստանը դեռ տեղեկություն չի տրամադրել 1991-1994 թվականների պատերազմի ընթացքում անհայտ կորած 4 հազար ադրբեջանցիների մասին, ինչպես նաեւ հրաժարվել է Ղարաբաղում տեղադրված ականների քարտեզները տրամադրելուց», – ասում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան։

Վերջինիս խոսքերով՝ «եթե Ֆրանսիայի և Կանադայի արտաքին գործերի նախարարությունները ցանկանում են օբյեկտիվ, այլ ոչ թե միակողմանի մոտեցում ցուցաբերել, ապա պետք է կոչ անեն Հայաստանին կատարել միջազգային հումանիտար իրավունքով ստանձնած պարտավորությունները եւ զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք խոչընդոտում են կայուն խաղաղությունը տարածաշրջանում»:

«Հակառակ դեպքում դա լրջորեն կխաթարի ադրբեջանական հասարակության վստահությունը այդ երկրների նկատմամբ», – ասել է Աբդուլաևան: