գլխավոր Տեսանյութեր Իմ նկատմամբ ճնշումներ չեն եղել, չեն էլ կարող լինել․ դատավոր Հարություն Պետրոսյան...

Իմ նկատմամբ ճնշումներ չեն եղել, չեն էլ կարող լինել․ դատավոր Հարություն Պետրոսյան (տեսանյութ)

Իմ նկատմամբ ճնշումներ չեն եղել, չեն էլ կարող լինել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Պետրոսյանը։

Նա նշեց, թե ինքը հաստատված փաստ չգիտի, որ միջամտություն է եղել որևէ դատական ակտի ընդունմանը։

Դիտարկմանը, թե երբ, օրինակ, կայացված դատական ակտերի վերաբերյալ հնչում են քննադատություններ, դա կարո՞ղ է դիտարկվել որպես ճնշում, Պետրոսյանն արձագանքեց․ «Պրոֆեսիոնալ դատավորի վրա որևէ հայտարարություն չի կարող ազդել։ Դատավորը դատական ակտ է կայացնում՝ կիրառելով օրենքը, իսկ հայտարարություններն ուղղակի հայտարարություն են»,-ասաց նա։

Անդրադառնալով ԲԴԽ լիազորություններն ընդլայնող օրինագծին և այն հանգամանքին, որ քաղաքացիները ևս հնարավորություն ունեն ԲԴԽ դիմել՝ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար, դատավորն ասաց, թե չի պատկերացնում՝ տեխնիկական առումով դա ինչպես կարող է լինել։

«ԲԴԽ-ում նիստերը դռնբաց են, հայտնի հանգամանք է, որ դատարանները ծանրաբեռնված են, այսպես թե այնպես կողմերից մեկը միշտ դժգոհ է մնում, հետևաբար, եթե բողոքարկման հնարավորությունն ավելի է լայնացվում, չեմ պատկերացնում՝ տեխնիկապես ինչպես դա պետք է լինի»,-նշեց նա՝ հավելելով, թե ձեռնպահ կմնա գնահատական տալ՝ օրինագծի ընդունումը բովանդակային առումով ճի՞շտ է, թե՞ սխալ։

«Հնարավոր է՝ իրավիճակ լինի, որ ես այս կամ այն ձևով ես առնչվեմ այդ օրենքի կիրառելիությանը, այդ պատճառով ձեռնպահ կմնամ այդ հարցին պատասխանել»,-նշեց նա՝ հավելելով, թե չի պատկերացնում նաև այն փոփոխությունը, թե ինչպես են կարողանալու մի դատավորից մեկ այլ դատավորի փոխանցել գործը։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: