գլխավոր Միջազգային Ի՞նչ են քննարկել Պուտինն ու Նեթանյահուն

Ի՞նչ են քննարկել Պուտինն ու Նեթանյահուն

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է երկրի հյուսիսային սահմաններին տեղի ունեցող իրադարձությունները, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներ: Այս մասին տեղեկացնում է «Իզվեստիան»` հղում տալով Նեթանյահուի աշխատակազմին:

«Վարչապետ Բենյամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ղեկավարները քննարկել են հյուսիսային ուղղությամբ վերջին իրադարձությունները և տարածաշրջանային այլ հարցեր»,-ասված է հայտարարության մեջ:

Կրեմլի մամուլի ծառայությունը նշել է, որ բանակցությունների ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել շարունակել երկխոսությունն անվտանգության խորհուրդների, ինչպես նաև ռազմական, արտաքին քաղաքական և տնտեսական գերատեսչությունների միջև: Միևնույն ժամանակ, քաղաքական գործիչները քննարկել են երկկողմ համագործակցության արդիական խնդիրները, ինչպես նաև պատրաստակամություն են հայտնել ամրապնդել առևտրատնտեսական փոխգործակցությունը երկրների միջև:

«Անդրադարձ է կատարվել միջազգային օրակարգի մի շարք թեմաների ՝ շեշտը դնելով սիրիական կարգավորման խնդիրների վրա: Բենյամին Նեթանյահուն տեղեկացրել է իսրայելական կողմի` Կիևի ներկայացուցիչների հետ շփումների մասին»,-ասված է մամուլի ծառայության հայտարարության մեջ:

Բացի այդ, Վլադիմիր Պուտինը և Բենյամին Նեթանյահուն շնորհավորանքներ են փոխանակել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի տարեդարձի կապակցությամբ: