գլխավոր COVID-19 Կորոնավիրուսի ֆոնին ֆրանսիական բառարանում 170 նոր բառ է հայտնվել

Կորոնավիրուսի ֆոնին ֆրանսիական բառարանում 170 նոր բառ է հայտնվել

Ֆրանսիական Larousse բառարանի 2022 թվականի հրատարակությունը կպարունակի 170 նոր բառ, որոնցից շատերը գրքում ընդգրկվել են կորոնավիրուսային համավարակի ֆոնին, գրում է The Guardian-ը:

Նոր բառերի շարքում են SARS-CoV-2 և Covid-19 իգական սեռի գոյականները, ինչպես նաև asymptomatique (ասիմպտոմատիկ), quatorzaine (14-օրյա կարանտին), rea (վերակենդանացում կամ ինտենսիվ խնամք), teletravailler (հեռավար աշխատանք) բառերն ու կապակցությունները:

Բացի այդ, բառարանում ներկայացված մի շարք այլ բառեր էլ արտացոլում են այն իրադարձությունները, որոնք մեծ տարածում են գտել տեղական լրատվամիջոցներում: Նման իրադարձություններից է ԱՄՆ-ում ոստիկանության աշխատակիցների կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունը: Այս առնչությամբ Larousse-ի նոր ցանկում կներառվի racise (ռասիզ) բառը, որն ածական է: Այն նշանակում է «անձ, որը ռասիստական ընկալման և (կամ) վարքի օբյեկտ է»:

Նշենք՝ ամեն տարի բառարան կազմողները մամուլում, համացանցում և գովազդներում օգտագործվող մի քանի հազար նոր ընդհանուր տերմիններ են բացահայտում: Larousse-ի 1871-ի հրատարակությունը պարունակում էր շուրջ 35 000 տերմին, իսկ 2020-ին դրանք հասել էին ավելի քան 63 000՝ հաշվի առնելով նաև այն փաստը, որ որոշ բառեր դուրս էին եկել գործածությունից: