գլխավոր Միջազգային Կողմերին կոչ ենք անում շտապ ավարտին հասցնել պահվող անձանց և բոլոր աճյունների...

Կողմերին կոչ ենք անում շտապ ավարտին հասցնել պահվող անձանց և բոլոր աճյունների փոխանակումը. Անն Լինդե

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն իր թվիթերյան պաշտոնական էջում գրառում է կատարել՝ ողջունելով Ադրբեջանի կողմից հայ գերիների ազատ արձակումը:

«Ողջունում եմ Ադրբեջանի կողմից պահվող հայ անձանց ազատ արձակումը: Կողմերին կոչ ենք անում շտապ ավարտին հասցնել պահվող անձանց և բոլոր աճյունների փոխանակումը, ինչպես պարտավորեցնում է միջազգային մարդասիրական իրավունքը: Լիովին սատարում ենք Մինսկի խմբի համանախագահներին և հորդորում կողմերին՝ հնարավորինս շուտ վերսկսել քաղաքական գործընթացը նրանց միջոցով»,- գրել է Անն Լինդեն և գրառմանը կից ներկայացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մայիսի 5-ին արված հայտարարությունը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ողջունել են Ադրբեջանի կողմից պահվող հայ անձանց` Ռոբերտ Վարդանյանի, Սամվել Շուխյանի և Սերյան Թամրազյանի ազատ արձակումը և կոչ են արել երկու կողմերին ամբողջությամբ և արագորեն ավարտել բոլոր բանտարկյալների, կալանավորվածների և աճյունների փոխանակման գործընթացը և հարգել պահվող անձանց նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի ապահովման իրենց պարտավորությունները:

Միևնույն ժամանակ, համանախագահները, վկայակոչելով ապրիլի 13-ի իրենց հայտարարությանը,  կողմերին հորդորել են փոխանակել բոլոր տվյալները, որոնք անհրաժեշտ են հակամարտության շրջանների արդյունավետ ականազերծման համար և վերացնել Լեռնային Ղարաբաղ մուտքի սահմանափակումները, այդ թվում`միջազգային մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների համար:

Համանախագահները կողմերին կոչ են արել նաև ձեռնարկել կոնկրետ քայլեր՝ երկկողմ խաղաղության համար բարենպաստ փոխադարձ վստահության մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ՝ նշելով համանախագահների ապրիլի 13-ի հայտարարության մեջ նշված մնացած մտահոգիչ ոլորտները, որը ներառում է առաջին իսկ հնարավորության դեպքում բարձր մակարդակի քաղաքական երկխոսության վերսկսումը համանախագահների հովանու ներքո: 

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, օրերս 3 հայ գերիներ Բաքվից վերադարձվել են Երևան:

Այս առնչությամբ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնել էին, որ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերի արդյունքում և միջազգային հանրության օրեցօր աճող ճնշման պայմաններում Ադրբեջանը վերադարձրել է երեք հայ ռազմագերների: Լիահույս ենք, որ այս գործընթացը կունենա իր տրամաբանական շարունակությունն ու շուտափույթ ավարտը»:

Նշենք՝ գերիների վերադարձի մասին ավելի վաղ հայտարարել էին ադրբեջանական լրատվամիջոցները, նշվում էր, որ նրանք գերեվարվել են պատերազմի ավարտից հետո։

Հիշեցնենք՝ Ադրբեջանից Հայաստան վերադարձած գերիների թիվն ընդհանուր առմամբ հասել է 72-ի:

Հայկական կողմի տվյալների համաձայն՝ Ադրբեջանում անազատության մեջ շարունակում է մնալ շուրջ 200 հայ ռազմագերի ու քաղաքացիական անձ: