գլխավոր Իրադարձային ՄԻՊ-ն իր ամբողջ ներուժով փորձում է վերականգնել պետության ատրիբուտները, ինչի համար արժանանում...

ՄԻՊ-ն իր ամբողջ ներուժով փորձում է վերականգնել պետության ատրիբուտները, ինչի համար արժանանում է իշխանության կատաղի դիմադրությանը․ Վարդան Այվազյան

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն այսօր միակ աշխատող պետական կառույցն է, և կան մի քանի օբյեկտիվ դատավորներ։ Մնացած առումով մեր պետական ոչ մի կառույց այսօր որևէ գործառույթ չի իրականացնում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Վարդան Այվազյանը՝ անդրադառնալով ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի աշխատանքին և երեկ ԱԺ-ում իշխանության ներկայացուցչի կողմից նրան ուղղված քննադատությանը։

Հիշեցնենք՝ երեկ ԱԺ-ում, անդրադառնալով Արման Թաթոյանի գործունեությանը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը նշեց, թե հանրության հանդեպ մեդիատեռոր է իրականացրել, ինչին նպաստել են նաև Թաթոյանի որոշ հայտարարություններ։ Դրան հաջորդեց նաև Թաթոյանի արձագանքը։

«ՄԻՊ-ը մեծ ջանքերով պայքարում է հակապետության դեմ։ Եթե մենք ունենայինք  պետություն, իրավական համակարգ, ապա ՄԻՊ-ի աշխատանքը կգնահատվեր համարժեք։ Արման Թաթոյանն ընդամենը կատարում է Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված պարտականությունները՝ բարեխիղճ ու բարձր մակարդակով։ Այժմ նա իր ամբողջ ներուժով փորձում է վերականգնել պետության ատրիբուտները և փորձել պաշտպանել քաղաքացիների իրավունքները և հանդիպում է կատաղի դիմադրության, որն օրինաչափ է այս պայմաններում»,-նշեց Այվազյանը՝ հավելելով, թե որևէ կերպ չի կարող համեմատել ՄԻՊ-ի ու պետական այլ կառույցների ներկայացուցիչների աշխատանքը։

Դիտարկմանը, թե իշխանությունը նշում է, որ Թաթոյանն իր գործունեության ընթացքում անում է հայտարարություններ, որոնք քաղաքական երանգավորում ունեն, սահմանադրագետն արձագանքեց՝ իշխանությունն ի՞նչ է հասկանում քաղաքական հայտարարությունից։

«Իշխանությունը լծված է պետությունը քանդելու, կործանելու «առաքելությանը», և ցանկացած դիմադրություն պետականության կործանման ընթացքի ժամանակ արժանանում է նրա կատաղի դիմադրությանն ու քննադատությանը, սա է ամբողջ բացատրությունը։ Ցանկացած պետական կառույց, ոչ միայն ՄԻՊ-ը, այլև, օրինակ, օբյեկտիվ դատավորները, հանդիպում են իշխանությունների կատաղի քննադատությանը, ենթարկվում են նրանց կողմից հարձակումների։ Այլ բան այս իշխանություններից ակնկալել հնարավոր չէր։ Արման Թաթոյանին ես ուղղակի համբերություն եմ ցանկանում»,-ասաց նա։

Անդրադառնալով այն դիտարկմանն էլ, թե ՄԻՊ-ն ունի միջազգային «A» կարգավիճակ, ինչը նպաստում է նրա ձայնն ու ՀՀ-ին վերաբերող խնդիրներն ավելի լսելի դարձնել միջազգային հարթությունում, և հարցին՝ արդյո՞ք սա նաև իշխանության շահերից չի բխում, Այվազյանն արձագանքեց՝ բնականաբար, իշխանության շահերից չի բխում։

«Վերջինս ձեռնամուխ է եղել պետականության անէացմանն ու փոշիացմանը, և ցանկացած նման սուբյեկտ նրա համար դառնալու է հակադիր բևեռ։ Արման Թաթոյանն իշխանության համար դարձել է թիվ մեկ թշնամին։ Խնդիր եմ տեսնում նաև անձնական դաշտում՝ երբ իշխանության ներկայացուցիչները տեսնում են, որ միջազգային հարաբերություններում, միջազգային հանրության մոտ ընդհանրապես որևէ վարկանիշ չունեն, իսկ Թաթոյանն իր և՛ անձնական, և՛ մնացած հատկանիշներով անվերապահ հեղինակություն է միջազգային հանրության մոտ, բնականաբար դիմադրում են»,-ասաց Վարդան Այվազյանը։