գլխավոր Աշխարհ Նիդեռլանդներում մինչև 16 տարեկան երեխաները ծննդյան վկայականում կկարողանան փոխել իրենց սեռը

Նիդեռլանդներում մինչև 16 տարեկան երեխաները ծննդյան վկայականում կկարողանան փոխել իրենց սեռը

Նիդեռլանդների իշխանությունները պարզեցրել են ծննդյան վկայականում 16 տարեկանից ցածր երեխաների սեռը փոխելու կարգը, ասվում է երկրի կառավարության կայքում:

Այսուհետ երեխաները կարող են փոխել իրենց սեռն առանց բժշկի և հոգեբանի եզրակացության:

«Պայմանները պարզեցվել են դեռ 2014-ին՝ տրանսգենդերների մասին օրենքի ընդունմամբ, և այժմ, օրենքի գնահատումից հետո, ընթացակարգն էլ ավելի է պարզեցվել», – ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Անդրադառնալով առողջապահական ծառայություններ մատուցող ընկերություններին՝ կառավարությունը բացատրել է, որ բժիշկը կամ հոգեբանը չեն կարող պարզել, թե որքան համոզված է մարդը հակառակ սեռին պատկանելու հարցում: Միևնույն ժամանակ, հոլանդական գենդերային բազմազանության կազմակերպությունում բժիշկների մասնակցությունը որոշումների կայացմանը համարվում է ինքնորոշման իրավունքի խախտում:

Կառավարությունում հավելել են նաև, որ, համեմատական միջազգային ուսումնասիրությունների համաձայն, սեռերի գրանցման առնչությամբ կրկնակի փոփոխություններ հազվադեպ են լինում:

Նոր փոփոխությամբ ընթացակարգը կբաժանվի երկու փուլի: Առաջինը՝ սեռը փոխելու ցանկության գրավոր տեքստն է և 4-12 շաբաթվա ընթացքում այդ մտադրության հաստատումը: Համապատասխանաբար, երկրորդ փուլում սեռը փոխելու հարցով  բավական կլինի ուղղակի դիմել դատարան: