գլխավոր Իրադարձային Նոր որոշում. քայլեր ձեռնարկվեն Արփա-Սևան թունելի անխափան աշխատանքն ապահովելու ուղղությամբ

Նոր որոշում. քայլեր ձեռնարկվեն Արփա-Սևան թունելի անխափան աշխատանքն ապահովելու ուղղությամբ

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 6-ի նիստում ընդունեց որոշում՝ Արփա-Սևան թունելի անխափան աշխատանքի, ինչպես նաև Սևան-Հրազդանյան ջրավազանի ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող համայնքների հողատարածքները ոռոգման ջրով ապահովելու, ինչպես նաև Սևանա լճի ջրերի խնայողություն ապահովելու համար:

Մասնավորապես, նախատեսվում է Սևանա լճի մակարդակի աստիճանական բարձրացման նպատակով թունելով Սևանա լիճ առավելագույն քանակի ջրի տեղափոխման համար Կեչուտի ջրամբարի, Եղեգիսի հիդրոհանգույցի փականային հանգույցների և ջրաչափական կետերի, «Արփա-Սևան» թունելի ելքամասի ջրաչափական կետերի վերազինում ու արդիականացում:

Հիմնավորման համաձայն, նշված հանգույցները շահագործվում են թունելի շահագործման օրվանից և կապիտալ վերանորոգման չեն ենթարկվել: Ֆիզիկապես և բարոյապես մաշված փականային հանգույցների և ջրի հաշվառքի սարքերի միջոցով իրապես հնարավոր չէ ճշգրիտ կերպով իրականացնել անհրաժեշտ ուղղությամբ ջրի պահանջվող հոսքերի կառավարում, որը ջրի ոչ ճիշտ հաշվառքի և, հետևաբար՝ ոչ նպատակային օգտագործման պատճառ է դառնում:

Նախագծանախահաշվային փաստաթղթերի համաձայն նախատեսվում է իրականացնել 107,232.9 հազ. դրամի վերազինման և արդիականացման աշխատանքներ: