գլխավոր Միջազգային Լավրովը Երևանում անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքին»

Լավրովը Երևանում անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքին»

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում մեկնաբանել է Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունները «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ:

Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք Ալիևի այդ հայտարարությունները քննարկվել են Երևանում կայացած հանդիպումների ընթացքում, ՌԴ նախարարը պատասխանեց, որ իր հայ գործընկերոջ հետ քննարկվել են հետկոնֆլիկտային շրջանում կարգավորման բոլոր խնդիրները՝ տնտեսական, հումանիտար, և շատ այլ հարցեր:

Ըստ նրա, երեք երկրների ղեկավարների տորագրած եռակողմ հայտարարության հիման վրա մշակված հաղորդակցությունների ապաշրջափակման մեխանիզմը նախատեսում է իրականացման բացառապես կամավոր սկզբունք `փոխշահավետ հիմունքներով:

«Այս մեխանիզմը ոչ մի կերպ չի ենթադրում որևէ այլ բան, քան տարածաշրջանի տրանսպորտային ու տնտեսական կապերի ամբողջական ապաշրջափակմանն ուղղված դիվանագիտական համաձայնություն և որոշումներ։ Ցանկացած այլ հարց, որը կհակասի երեք ղեկավարների այս պայմանավրվածությանը, իհարկե, չի կարող դիտարկվել որպես այլընտրանք այն ամենին, ինչ պայմանավորվել է», – ասաց Լավրովը։

Հիշեցնենք` ապրիլին Իլհամ Ալիևը Ադրբեջանի պետական հեռուստատեսությանը և ռադիոյին տված հարցազրույցում ասել էր, որ Բաքուն «կիրականացնի Զանգեզուրի միջանցքի իրագործման առաջադրանքը, անկախ նրանից` ուզում է դա Հայաստանը, թե ոչ»:

Ադրբեջանի նախագահը նաև սպառնացել էր հարցը լուծել ուժային ճանապարհով: