գլխավոր Իրադարձային Շուշիի Մայր տաճարը պետք է մնա Հայ Առաքելական եկեղեցու պաշտամունքի վայր. Արա...

Շուշիի Մայր տաճարը պետք է մնա Հայ Առաքելական եկեղեցու պաշտամունքի վայր. Արա Այվազյանը

Լեռնային Ղարաբաղում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման ու պաշտպանության հարցը դարձել է խաղաղ կարգավորման մաս։ Այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասաց ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը` անդրադառնալով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի հայկական հուշարձանների ավերման խնդրին։

«Մենք սերտորեն համագործակցում ենք ՅՈՒՆԵՍԿՕ–ի հետ` ակնկալելով, որ առաջիկայում տեղի կունենա գնահատման առաքելության այցը տարածաշրջան, և մենք լիահույս ենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ–ն գործուն քայլեր կձեռնարկի այդ առաքելությունը կյանքի կոչելու ուղղությամբ»,– ասաց Այվազյանը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի իրականացրած վանդալիզմի կոնկրետ դեպքերին, Արա Այվազյանը հիշեցրեց, որ դեռ փետրվարի 2-ին ՄԱԿ–ի մարդու իրավունքների հատուկ զեկուցողներն Ադրբեջանին ուղղված նամակում ընդգծել էին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ մայր տաճարի ռմբակոծության հետաքննության անհրաժեշտությունը` միաժամանակ կարևորելով նաև Մայր տաճարի վերակառուցման աշխատանքներում Հայ Առաքելական եկեղեցու մասնակցությունը։

«Այսօր մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն անպատասխան է թողել ՄԱԿ–ի փորձագետների կոչը։ Ավելին` նա միակողմանի կոպիտ միջամտությամբ ի ցույց է դնում, որ արհամարհում է միջազգային կառույցների, հատկապես` ՄԱԿ–ի, միջազգային հանրության ու միջազգային իրավունքի նորմերը։ Պետք է հստակ նշեմ, որ Շուշիի սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցեց Մայր տաճարը, որը հանդիսանում է հայկական ամենախոշոր եկեղեցիներից մեկը, պետք է մնա Հայ Առաքելական Եկեղեցու պաշտամունքի վայր»,– ասաց Այվազյանը։