գլխավոր Իրադարձային Օնիկ Գասպարյանը, իր պատասխանատվության ոլորտում նորմալ հաջողություններ չունենալով, սկսել է այլ հարցերով...

Օնիկ Գասպարյանը, իր պատասխանատվության ոլորտում նորմալ հաջողություններ չունենալով, սկսել է այլ հարցերով զբաղվել. Գրիգորյանը

Մենք հավելյալ պարզաբանումներ ենք տվել, թե ինչու է հրապարակվել տվյալ հատվածը, քանի որ մնացած հատվածներում Հայաստանին և անվտանգությանը վերաբերող հարցեր կան, որոնք, կարծում ենք, որ հրապարակելը նպատակահարմար չէ: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Անվտանգության խորհրդի հրապարակած՝ սեպտեմբերի 30-ին ԱԽ նիստի արձանագրության գաղտնազերծված հատվածների ձայնագրությանը, որի հետ կապված Օնիկ Գասպարյանը հայտարարել էր, թե ԱԽ նիստերի արձանագրություններն ամբողջական չեն արտահայտում զեկույցների բովանդակությունը։

Ինչ վերաբերում է Օնիկ Գասպարյանի՝ պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողով ստեղծելու առաջարկին, ԱԽՔ-ն ասաց․ «Մեզ նաև զարմացրել է, որ Օնիկ Գասպարյանը, լինելով Զինված ուժերի նախկին շտաբի պետ, նման պահանջ է ներկայացրել»,-ասաց նա և նշեց, որ հրապարակված ձայնագրությունը հերքում է Օնիկ Գասպարյանի ասածը:

Նրա խոսքով՝ Օնիկ Գասպարյանը նշում էր, որ «շտաբի պետ նշանակվելուց հետո ես Անվտանգության խորհրդին ներկայացրել եմ զեկույց տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ ու առաջարկել եմ դիվանագիտական, քաղաքական քայլեր ձեռնարկել», հունիսի 19-ի ԱԽ նիստում Օնիկ Գասպարյանը զեկույց չի ունեցել: Օնիկ Գասպարյանը տարածաշրջանի վերաբերյալ առաջին զեկույցն ունեցել է օգոստոսի 21-ի ԱԽ նիստում: Իր մոտ 10 էջանոց զեկույցում դիվանագիտություն բառ չկա»,-նշեց ԱԽ քարտուղարը:

Արմեն Գրիգորյանն ասաց, թե Օնիկ Գասպարյանը պատերազմից հետո կարևոր ներքաղաքական գործընթացների մեջ է ներգրավված եղել ու որևիցե անգամ պարզաբանումներ չի տվել: ԱԽ քարտուղարի խոսքով՝ Օնիկ Գասպարյանն իր զեկույցում նշել է, որ Ջաբրայիլի ուղղությամբ հաջողություններ ենք ունեցել ու թշնամին որևէ առաջընթաց չի ունեցել: «Եթե ասել է որևէ առաջընթաց, ԱԽ անդամները կարող են հասկանալ, որ դիրք չենք զիջել ու այս կոնտեքստում ու դրանից առաջ, երբ որ օգոստոսին ասվել է, որ թշնամուն ջախջախելու ենք, ապա տրամաբանությունը հուշում է , որ զեկույցը ամբողջությամբ այդ տրամաբանության մեջ է, այդ իսկ պատճառով մենք համոզված ենք, որ ամբողջովին պարզաբանված է այս թեման»,-ասաց նա  նշեց, որ Օնիկ Գասպարյանը սեպտեմբերի 30-ին լրիվ այլ բան է զեկուցել: Ըստ նրա՝ Օնիկ Գասպարյանն իր պատասխանատվության ոլորտում նորմալ հաջողություններ չունենալու դեպքում սկսել է այլ հարցերով զբաղվել: