գլխավոր Իրադարձային Ինչու է փակվել Ագարակի տերմինալը. ՊԵԿ նախագահի պարզաբանում

Ինչու է փակվել Ագարակի տերմինալը. ՊԵԿ նախագահի պարզաբանում

Սյունիքում մաքսային պահեստի փակումը չի հետեւել Սյունիքի իրադարձություններին, մաքսային պահեստներում ստուգումները վաղուց են իրականացվել եւ դրանք մշտական դիտարկման ներքո են եղել, ուղղակի դուք եք կապում նշված իրադարձությունների հետ:  Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը՝ խոսելով Սյունիքի մարզում Ագարակում մաքսային պահեստների գործունեության դադարեցման մասին: 

Նա նշեց, որ սովորաբար մաքսային պահեստի թույլտվությունը առհասարակ դադարեցվում է ՊԵԿ նախագահի հրամանով:

«Ստուգումներ իրականացվել են, մենք նշել ենք, որ ոչ միայն Ագարակի տերմինալի գործունեության թույլտվությունն է դադարել, այլ նաեւ դադարեցվել է այլ մաքսային պահեստի գործունեություն, որը չի համապատասխանել մաքսային կարգավորման մասին օրենքին»,-ասաց Էդուարդ Հովհաննիսյանը:

Հարցին, թե ինչով կարող է ապացուցել, որ սա քաղաքական ճնշում չէ Մեղրիի քաղաքապետի նկատմամբ, Հովհաննիսյանը պատասխանեց, որ հնչեցված հարցադրումներից արդեն պարզ է, որ հակառակ կարծիքը դժվար է համոզել. «Հանրությանն էլ համոզելու կարիք չեմ տեսնում: Ես պատասխանեցի ձեր հարցերին, մեկնաբանեցի մեր գործողությունները: Տվյալ պահեստի տարածքում բեռնաթափվել են ապրանքներ եւ մաքսազերծվել են: Այս պահին ապրանքները մաքսազերծվում են Մեղրիի մաքսակետում, այնտեղ կա նաեւ այլ մաքսային պահեստ: Ցանկության դեպքում տնտեսվարողները կարող են իրենց ապրանքները տեղափոխել այդ մաքսային պահեստ»:

Նկատված խախտումների մասով ՊԵԿ նախագահը նշեց, որ դրանց մասին մշտապես հանրությանը տեղեկացրել են: