գլխավոր Իրադարձային Չենք նվազեցնում ջանքերը բոլոր պահվող անձանց տուն վերադարձնելու ուղղությամբ. Լավրով

Չենք նվազեցնում ջանքերը բոլոր պահվող անձանց տուն վերադարձնելու ուղղությամբ. Լավրով

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր Երևանում տեղի ունեցող մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

«Մանրամասն քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակը: Նշել ենք առկա առաջընթացը և իրավիճակի կայունացումը: Չենք նվազեցնում ջանքերը բոլոր պահվող անձանց տուն վերադարձնելու, ինչպես նաև ականազերծման, մշակութային և կրոնական ժառանգության պահպանման ուղղությամբ: Տարածաշրջանում կայունացման գործում կարևոր դեր է խաղում եռակողմ աշխատանքային խումբը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորությամբ»,-ասել է Լավրովը:

Բացի այդ, ՌԴ գլխավոր դիվանագետը բարձր է գնահատել Մոսկվա-Երևան համագործակցությունն ինտեգրացիոն կառույցներում: Բարձր է գնահատվել ռազմական և ռազմաարդյունաբերական ոլորտներում, ինչպես նաև 102-րդ ռազմաբազայի շրջանակում համագործակցությունը:

«Մենք քննարկել ենք մի քանի միջազգային և տարածաշրջանային սյուժեներ: Պայմանավորվել ենք հետագայում նույնպես կոորդինացնել մեր գործողությունները միջազգային կառույցներում, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, Եվրախորհուրդը, Սևծովյան տնտեսական համագործակցությունը»,-ասել է Լավրովը:

Դիվանագետը նաև նշել է, որ, չնայած ապրանքաշրջանառության մի փոքր նվազմանը, Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր տնտեսական գործընկերը: Քննարկվել է համագործակցությունը կորոնավիրուսի դեմ պայքարում:

«Ռուսաստանը պատվաստանյութի մի քանի տասնյակ հազարավոր չափաբաժին է ուղարկել Հայաստան, քննարկվում է ևս 1 միլիոն չափաբաժնի տրամադրումը, ինչպես նաև Հայաստանում պատվաստանյութի արտադրությունը»,-ասել է Լավրովը:

Նա նաև հավելել է, որ այսօր միջկառավարական հուշագիր էստորագրվել կենսաբանական անվտանգության ոլորոտում: