գլխավոր Իրադարձային Պատվաստման հավաստագիր ունեցող քաղաքացիները, ՀՀ գալու համար ՊՇՌ թեստի կարիք չեն ունենա....

Պատվաստման հավաստագիր ունեցող քաղաքացիները, ՀՀ գալու համար ՊՇՌ թեստի կարիք չեն ունենա. Անահիտ Ավանեսյան

Կառավարությունը այսօրվա նիստին որոշում կայացրեց փոփոխություններ կատարել կարանտինի մասին որոշման մեջ: Նախագիծը ներկայացրեց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ ասելով, որ սահմանափակումների շրջանակը կվերանայվի:

«Այն քաղաքացիները, ովքեր կունենան պատշաճ պատվաստման հավաստագիր՝ կանաչ անձնագիր, այսուհետ Հայաստան գալու համար լրացուցիչ ՊՇՌ թեստի կարիք չեն ունենա»,-ասաց նա: Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ Հայաստանը փորձում է ժամանակից հետ չմնալ ու քաղաքացիներին զերծ պահել ավելորդ կատարվող հետազոտություններից ու ֆինանսական միջոցներ ծախսելուց: Նա ասաց, որ մինչև մեկ տարեկան երեխաների համար երկիր մուտք գործելուց ՊՇՌ թեստավորման պահանջը հանել են:

Նիկոլ Փաշինյանն ասաց՝ շատ լավ կլինի, որ ՀՀ քաղաքացիները մեկնելուց առաջ պատվաստվեն: Փաշինյանի խոսքով՝ կարող են արձանագրել, որ Հայաստանում կորոնավիրուսի երրորդ ալիքը կայունացման որոշակի միտումներ է ցույց տալիս: «Հայաստանում կորոնավիրուսի երրորդ ալիքը կայունացման որոշակի միտումներ է ցույց տալիս,  մենք բավականին լավ ենք կառավարել և կառավարում կորոնավիրուսի համավարակը»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բոլոր նրանց, ովքեր, իր բնորոշմամբ, փոթորիկներ էին ստեղծում կորոնավիրուսի պայքարի դեմ իրենց քայլերի շուրջ, խորհուրդ տվեց տեսնել, թե ինչ է տեղի ունեցել որպես օրինակ բերվող երկրներում: «Մենք ամենաճգնաժամային շրջանում ունեցել ենք օրը ընդհուպ 2000 դեպք, բայց իրավիճակը երբեք դուրս չի եկել վերահսկողությունից»,-ասաց Փաշինյանը:

Առողջապահության նախարարի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ երեկվա դրությամբ Հայաստանում պատվաստվել է յոթ հազար հարյուր քաղաքացի, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե ուրախ է, որ կառավարության անդամների մեծ մասը պատվաստվել է, պատվաստվել են, ինչպես ինքն է նշում, ձեռքի տակ եղած բոլոր պատվաստանյութերով: «Հայաստանը շատ արագ պետք է համալրի կանաչ երկրների շարքը»,-ասաց նա:

Անահիտ Ավանեսյանը նկատեց, որ թեև հիվանդացության նվազման միտում ունենք, սակայն այն պետք է օգտագործենք որպես ոսկե պատուհան՝ պաշտպանելու հաջորդ ալիքներից, քանի որ հիվանդացությունը ծանրանում է: Նա հայտնեց, որ տասից մի փոքր ավելի պատվաստանյութեր կան և եթե տվյալ երկրում տրված է քաղաքացուն կանաչ անձնագիր, ՀՀ-ն ընդունում է նրանց:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հիմա նախնական տեղեկություններ կան, բայց մեծ հաշվով գրեթե տեսանելի է, որ մի որևէ պահից երկրները արգելելու են չպատվաստված քաղաքացիների մուտքը իրենց տարածք: «Պատվաստման գործըթնացը չի իրականացվում մեկ ներարկումով, այլ երկու ներարկումով է իրականացվում»,-ասաց նա: