գլխավոր COVID-19 Ավստրալիայում AstraZeneca-ով պատվաստվելուց հետո 5 մարդու մոտ թրոմբոզ է առաջացել

Ավստրալիայում AstraZeneca-ով պատվաստվելուց հետո 5 մարդու մոտ թրոմբոզ է առաջացել

Բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության արտադրած Vaxzevria հակակորոնավիրուսային դեղամիջոցով պատվաստվելուց հետո Ավստրալիայում գրանցվել է թրոմբոզի առաջացման հինգ նոր դեպք, գրում է ՏԱՍՍ-ը:

Լրատվամիջոցի տվյալներով՝ շաբաթվա սկզբից երկրում 5 մարդ է հոսպիտալացվել խորը երակային թրոմբոզ և թրոմբոցիտոպենիայի ախտանիշներով, որոնք առաջացել են Vaxzevria պատվաստանյութի հետևանքով:

Մարտի 22-ից, երբ Ավստրալիայում սկսվել է պատվաստանյութի օգտագործումը, նման դեպքերի ընդհանուր թիվը հասնել է 11-ի:

«Գրեթե բոլոր տուժածները 50 տարեկանից բարձր մարդիկ են: Պարզ է, որ ապագայում բարդություններ կգրանցվեն: Այս տարիքային խմբում, չնայած նրան, որ նախկինում ենթադրվում էր՝ կողմնակի ազդեցությունը հիմնականում չի նկատվում, թրոմբոզ միևնույն է առաջացել է»,- հայտնել են Ավստրալիայի պետական առողջապահական ապրանքների վարչությունից:

Ավստրալիայում մինչ այժմ 2,4 միլիոն մարդ ստացել է պատվաստանյութի առնվազն մեկ դեղաչափ: 11 մարդու մոտ Vaxzevria պատվաստանյութից հետո թրոմբոզ է զարգացել, ևս 16 հիվանդ Pfizer օգտագործելուց հետո հոսպիտալացվել է անաֆիլաքսիսով: Պատվաստումների հետևանքով առաջացած բարդություններից մահացել է 3 մարդ:

Հիշեցնենք՝ կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումներն Ավստրալիայում սկսվել են փետրվարի 22-ին: Պատվաստումների արշավի ընթացքում օգտագործվում է 2 դեղամիջոց՝ AstraZeneca և Pfizer, որոնք հավանության է արժանացրել ազգային կարգավորիչը: Ավստրալիայի առողջապահության նախարարության որոշման համաձայն՝ AstraZeneca-ի արտադրանքով պատվաստվում են միայն 50 տարեկանից բարձր քաղաքացիները: