գլխավոր Պաշտոնական Ամենակարևոր խնդիրն այն է, որ Ադրբեջանը վերադարձնի բոլոր ռազմագերիներին և բռնի կերպով...

Ամենակարևոր խնդիրն այն է, որ Ադրբեջանը վերադարձնի բոլոր ռազմագերիներին և բռնի կերպով պահվող անձանց. Արա Այվազյան

Ամենակարևոր խնդիրն այն է, որ Ադրբեջանը վերադարձնի բոլոր ռազմագերիներին և բռնի կերպով պահվող անձանց: ՀՀ ԱԳ նախարարության հաղորդմամբ՝ այս մասին ասել է Արա Այվազյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ընդլայնված ձևաչափով հանդիպման ժամանակ:

«Եվ այս խնդիրը պետք է հնարավորինս արագ լուծվի, որի մասին վկայում են նաև միջազգային մարդասիրական իրավունքի շարունակական զանգվածային խախտումները»,- ասել է նա:

Նշենք, որ Սերգեյ Լավրովը Հայաստան է ժամանել երկօրյա այցով:

Այսօր նախատեսված է նրա հանդիպումը նաև Նիկոլ Փաշինյանի հետ:

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտնել է, որ հանդիպումների ընթացքում նախատեսվում է հանգամանորեն քննարկել երկկողմ և տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև փոխգործակցությունը միջազգային հարթակներում: Զախարովան տեղեկացրել է, որ բանակցություններում քննարկման առաջնային թեման լինելու է Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելը:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 9-10-ն աշխատանքային այցով կլինի Բաքվում: