գլխավոր Գլխավոր ՀՀ դիրքորոշումն անփոփոխ է` աշխարհը պետք է ճանաչի Արցախի ինքնորոշման իրավունքը. Միրզոյան

ՀՀ դիրքորոշումն անփոփոխ է` աշխարհը պետք է ճանաչի Արցախի ինքնորոշման իրավունքը. Միրզոյան

Աշխարհը պետք է ճանաչի Արցախի հայության ինքնորոշման իրավունքը։Այսօր ՀՀ ԱԺ հերթական նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը` խոսելով Շուշիի Սբ. Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը քանդելու մասին։

«Ես կարծում եմ` և՛ այդ բարբարոսությունը, և՛ գերության մեջ կամ որևէ այլ կարգավիճակով Ադրբեջանում պահվող հայերի նկատմամբ վերաբերմունքը, և՛ շաբաթներ առաջ խայտառակ արմենոֆոբիկ պուրակի բացումը Բաքվում վկայում են այն մասին, որ Արցախի հայության անվտանգ գոյությունն Ադրբեջանի կազմում անհնար է, և աշխարհը պետք է ճանաչի Արցախի հայության ինքնորոշման իրավունքը»,– ասաց Միրզոյանը` շեշտելով որ այդ հարցում ՀՀ դիրքորոշումն անփոփոխ է։

ԱԺ նախագահը վստահեցրեց նաև, որ Հայաստանը շարունակում է այս ուղղությամբ սերտորեն աշխատել միջազգային գործընկերների հետ։

Հիշեցնենք՝ այսօր Արցախի ներքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը Facebook-ի իր էջում տեղադրել էր Շուշիի Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցու՝ անգմբեթ լուսանկարները։ Նա գրել էր, որ մայիսի 9 -ին ընդառաջ ադրբեջանցիները հանել են եկեղեցու գմբեթները։