գլխավոր Իրադարձային Առերևույթ խուլիգանության դեպքեր են տեղի ունեցել, ոստիկանության գործողությունները համաչափ են. փոխոստիկանապետ

Առերևույթ խուլիգանության դեպքեր են տեղի ունեցել, ոստիկանության գործողությունները համաչափ են. փոխոստիկանապետ

Սյունիքում երեկ առերևույթ խուլիգանության դեպքեր են տեղի ունեցել, Ոստիկանությունը ձեռնարկել է համապատասխան միջոցառումներ: Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը՝ անդրադառնալով Սյունիքից որոշ անձանց բերման ենթարկելու դեպքերին:

Նա հրաժարվեց կոնկրետ թիվ ասել, հերքեց որ բերման ենթարկվածների թիվը կարող է հասնել հարյուրի և վստահեցրեց, որ ավելի քիչ է՝ 2-3 մարդ:

Ինչ վերաբերում է Մեղրիի քաղաքապետին, նա ասաց, որ առկա է առերևույթ հանցագործության կատարման դեպք, որի կապակցությամբ իրականացվում են միջոցառումներ:

«Մեղրիի համայնքապետն այս պահի դրությամբ չի կալանավորվի, քանի որ որպես խափանման միջոց կալանքն ընտրվում է դատարանի կողմից», – ասաց նա և նշեց, որ բերման ենթարկելիս անձին միանգամից դատավարական կարգավիճակ չի տրվում։

Հարցին, թե  քաղաքական ճնշում չէր արդյոք Սյունիքի մարզպետարանում վարչապետի կողմից ԱԱԾ տնօրենին և ոստիկանապետին հանձնարարական տալը՝ բացահայտ ուղղորդմամբ, նա ասաց.«Ի՞նչ է նշանակում բացահայտ ուղղորդել, եթե կա առերևույթ հանցագործության դեպք, ապա իրավապահ մարմինները պետք է ձեռնարկեն համապատասխան միջոցառումները»:

Դիտարկմանը, թե եթե Սյունիքում խուլիգանություն էր տեղի ունենում, ինչո՞ւ էր Ոստիկանությունն անգործության մատնված, նա ասաց, որ Ոստիկանությունն անգործության չի մատնվել:

«Նաև ոստիկանների համազգեստներից ակնհայտ երևում է, թե ինչ վիճակում են հայտնվել նրանք: Եթե դա դիտարկում եք անգործություն, ապա կներեք, Ոստիկանությունն այդ ուժերով ավելին չէր կարող անել: Լրացուցիչ ուժերի պարագայում, գուցե, հնարավոր լիներ»,– ասաց նա։

Փոխոստիկանապետը նաև հերքեց լուրը, թե ոստիկաններով լի ավտոբուսներ են Երևանից Սյունիք գնացել: Ասաց՝ գնացել են այնքան, որքան անհրաժեշտ է հասարակական կարգն ապահովելու համար:

Ինչ վերաբերում է Tert.am-ի հարցին Ոստիկանության աշխատանքի համաչափ լինելուն և մեծ թվով ոստիկաններ կենտրոնացնելուն, Արա Ֆիդանյան ասաց, որ լիովին համաչափ է համարում: «Դուք ինչպե՞ս եք գնահատում նոյեմբերի 9-ի, 10-ի գործողությունները, հիմա շա՞տ են, թե քիչ են ոստիկանները»,- ասաց նա: