գլխավոր Իրադարձային Հիմա ուզում եք՝ մի հիմարություն ասե՞մ. Վահան Քերոբյան

Հիմա ուզում եք՝ մի հիմարություն ասե՞մ. Վահան Քերոբյան

Այսօր Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ աշխատատեղերի աճը պայմանավորված է տնտեսության վերականգնմամբ:

«Քանի որ վերջին 2-3 ամիսներին մենք տեսնում ենք տնտեսության կտրուկ վերականգնում, և եթե համեմատենք մեր այս տարին 2019 թվականի հետ, որը Հայաստանի տնտեսական ամենալավ տարին է եղել, ապա հունվարը, փետրվարը, մարտը ավելի լավ են գնում, քան 2019 թվականի համեմատ»,-ասաց նա և նշեց, որ իր հաշվարկով այս մարտին 7-7,5 տոկոսի աճ է լինելու նախորդ տարվա մարտի համեմատ:

Անդրադառնալով գնաճին, ինչի մասին Նիկոլ Փաշինյանը խոսեց կառավարության նիստին՝ նախարարը նշեց. «Ես չեմ լսել, որ վարչապետը նեղսրտի, ասաց՝ գնաճ կա, բայց դա չի նշանակում, որ նա դժվարանում է հաց առնել, բայց մենք այդ հարցին նայում ենք հասարակ քաղաքացու տեսանկյունից և ապրում ենք այն ցավը, որն ապրում է հասարակ քաղաքացին գնումներ կատարելիս»,-ասաց նա:

Վահան Քերոբյանը նշեց, որ աշխարհում ևս սննդամթերքի գներն աճել են: «Մարտ ամսին մեր հարևան Թուրքիայում գնաճը եղել է 16 տոկոս, այն դեպքում, երբ մեր մոտ եղել է կարծեմ 5,6 տոկոս, բայց դա չի նշանակում, որ գոհ ենք»,-ասաց նա:

Նա նաև նշեց, որ Լարսի փակ լինելը հանգեցնում է գնաճին: «Մենք հիմա աշխատում ենք ստեղծել այլընտրանք, որ Լարսը էլ երբեք չփակվի»,-ասաց նա և նշեց, որ նկատի չունի Ադրբեջանը, այլ ստեղծում են այլ այլընտրանք, թեև փակագծերը չբացեց:

Tert.am-ի հարցին, թե ինչպես եք փորձում ձեզ դնել քաղաքացիների տեղը, օրինակ՝ նախկին նախարար Տիգրան Խաչատրյանը խորհուրդ էր տալիս ոսպի փոխարինիչներ օգտագործել, ինչ խորհուրդ կտաք այդ քաղաքացիներին, որոնք դժվարություններ ունեն թանկացման պատճառով, էկոնոմիկայի ներկայիս նախարարը արձագանքեց. «Հիմա ուզում եք մի հատ հիմարություն ասե՞մ»:

Հարցին, թե հիմարությո՞ւն է ասել նախկին նախարարը, նա ասաց՝ չգիտեմ՝ ինչ է ասել:

Վահան Քերոբյանը ասաց, որ այսօր ոչ միայն գնաճ կա, այլ նաև մարդկանց եկամուտների աճ կա: «Օրինակ 2019 թվականի համեմատ միջին աշխատավարձը ավելի քան 10 տոկոսով է աճել, բայց գնաճը այդքան չի եղել»,-հավելեց նա: