գլխավոր Պաշտոնական Պարտքն անցել է 63 %-ից, դեֆիցիտը`կրկնակի ավելացել. գործադիրը հաստատեց բյուջեի կատարողականը

Պարտքն անցել է 63 %-ից, դեֆիցիտը`կրկնակի ավելացել. գործադիրը հաստատեց բյուջեի կատարողականը

Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի եկամուտները կազմել են 1 560 655 340 800 դրամ, ծախսերը` 1 894 647 093 400 դրամ, բյուջեի դեֆիցիտը` 333 991 752 600 դրամ:

Այս ցուցանիշներն այսօր հաստատվել են ՀՀ կադրավորման նիստում հավանության արժանացած 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության մեջ:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ներկայացնելով բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախագիծը, նշեց, որ 2019թ.–ի տնտեսական ցուցանիշների շնորհիվ Հայաստանը 2020թ–ին կարողացել է դիմակայել կորոնավիրուսի համավարակի ու Արցախյան 44-օրյա պատերազմի տնտեսական հետևանքներին։

«Արդյունքում մենք ունեցանք ավելի մեծ դեֆիցիտ, քան ի սկզբանե նախատեսված էր։ Բյուջեով նախատեսված էր մոտավորապես 161 մլն դրամ, փաստացի մենք ունեցանք շուրջ 334 մլն դրամ»,– ասաց Ջանջուղազյանը` շեշտելով, որ սա այն գինն է, որը կառավարությունը վճարել է կորոնավիրուսի համավարակի ու պատերազմի տնտեսական հետևանքները մեղմելու համար։

Ավելացել է նաև կառավարության պարտքը։ 2020թ–ին կառավարության պարտք–ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 63.5 տոկոս, այն դեպքում, երբ 60 տոկոսը համարվում է արդեն ռիսկային ցուցանիշ պետության համար։

Ֆինանսների նախարարն արձանագրեց, որ կառավարությունը պետք է ձգտի առաջիկա 5 տարիներին վերադառնա 60 տոկոսից ցածր շեմին։

Իսկ բյուջեի կատարողականը, չնայած այս բոլոր ցուցանիշների փոփոխություններին, կառավարությունը հաստատեց և առաջիկայում` մինչև մայիսի 1-ը կներկայացնի նաև ԱԺ–ի քննարկմանը։ Բանն այն է, որ ՀՀ սահմանադրական և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի համաձայն կառավարությունը յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը ՀՀ Ազգային ժողով է ներկայացնում մինչև հաջորդ տարվա մայիսի 1-ը: