գլխավոր Իրադարձային Մոտ 40 րոպե է՝ Քննչական կոմիտեում ենք, բայց մեզ ոչ ոք չի...

Մոտ 40 րոպե է՝ Քննչական կոմիտեում ենք, բայց մեզ ոչ ոք չի ասել, թե Մխիթար Զաքարյանն ինչ քրգործի շրջանակներում է այստեղ հրավիրվել. փաստաբան

Մենք Քննչական կոմիտեում ենք և մոտ 40 րոպե է՝ սպասում ենք, բայց մեզ ոչ ոք չի ասել, թե ինչ քրեական գործի շջանակներում ենք այստեղ հրավիրվել: Այս մասին այսօր իր ֆեյսբուքյան ուղիղ եթերով ասաց Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի փաստաբան Գայանե Պապոյանը։

Նա նշեց, որ դեռ համբերատար սպասում են, թեև նման պարտավորություն չունեն: «Պարոն Զաքարյանը բարի կամք է դրսևորում, ասում է՝ կսպասեմ ինչքան պետք է, հասկանանք, թե ինչ խնդիր կա»:

Այսօր փաստաբանն ավելի վաղ իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Մեղրիի քաղաքապետին հրավիրել էին Ոստիկանության բաժին, սակայն ավելի ուշ Մեղրիի ոստիկանությունից տեղափոխել են Երևան:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ այցի ժամանակ սյունեցիները թույլ չեն տվել նրան մտնել համայնքներ: Բողոքի ակցիա է իրականացվել Սյունիքի տարբեր համայնքներում, որտեղ քաղաքացիները վանկարկել են «Նիկո՛լ, դավաճա՛ն, թո՛ւրք, հողատո՛ւ», հնչել են նաև տարբեր հայհոյանքներ և վիրավորանքներ, որոնց ներքո նա լքել է քաղաքները:

Փաշինյանը թիկնազորի ուղեկցությամբ մտել է Սյունիքի մարզպետարան և խորհրդակցություն անցկացրել, որի ընթացքում, մասնավորապես, նշել է. «Ես ուզում եմ անդրադառնալ այսօր Մեղրիում տեղի ունեցած միջադեպին․ հստակ է, որ տեղի է ունեցել օրենքի խախտում և ես ակնկալում եմ, որ հանրապետության իրավապահ մարմինները շատ հստակ և կոշտ կերպով կարձագանքեն իրավիճակին»:

Մանրամասները՝ տեսանյութում: