գլխավոր Իրադարձային Հայերի նկատմամբ ատելությունը խրախուսվում է երկրի էլիտաների կողմից. Eurasianet-ը` Բաքվի «Ռազմավարի պուրակ»-ի...

Հայերի նկատմամբ ատելությունը խրախուսվում է երկրի էլիտաների կողմից. Eurasianet-ը` Բաքվի «Ռազմավարի պուրակ»-ի բացման մասին

Eurasianet.org պարբերականի թղթակից, ադրբեջանցի Բախրուզ Սամադովը ծավալուն հոդված է ներկայացրել, որում անդրադարձ է կատարել Արցախյան երկրորդ պատերազմին և դրանից հետո Ադրբեջանի իշխանությունների քայլերին, և մասնավորապես՝ վերջերս երկրի մայրաքաղաք Բաքվում բացված «Ռազմավարի պուրակ»-ին:

Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք հեղինակի հոդվածը. 

«Անցյալ տարի Հայաստանի հետ 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական ընդդիմության և քաղաքացիական հասարակության շատ ներկայացուցիչներ հույս ունեին, որ Ադրբեջանի հաղթանակից հետո երկրի ավտորիտար համակարգի ամբողջ տրամաբանությունը կփոխվի: Իշխանություններին աջակցելիս և նույնիսկ պատերազմին դեմ արտահայտվող որոշ քաղաքացիների վրա հարձակվելիս նրանք կարծես միաժամանակ  մի տեսակ ազգային հաշտության հույս ունեին. նրանք հուսով էին, որ եկել է ժամանակը, երբ հասարակությունը կարող է ավելի ակտիվ դեր խաղալ երկրի կառավարման գործում:

Բայց այդպես չեղավ: Երկրի նախագահ Իլհամ Ալիևը չի դադարեցրել հարձակումներն ու երկրի հիմնական ընդդիմությանը ապալեգիտիմացնելու փորձերը: Նա շարունակում է կիրառել նույն ռեպրեսիվ մեթոդները և հետաքրքրության նշաններ ցույց չի տալիս երկրի քաղաքական համակարգը բարեփոխելու հարցում:

Վերջերս Բաքվում բացված «Ռազմավարի պուրակ»-ը, որի մռայլ ցուցահանդեսը ներառում է սաղավարտներ և հայ զինվորներին ներկայացնող ծաղրանկարային մանեկեններ, ցնցել է շատերին: Այստեղ թշնամու ապամարդկայնացումը, որը գերիշխում է Ադրբեջանում տասնամյակներ շարունակ, բացահայտում է օտարման տրամաբանությունը, այն է՝ թշնամին՝ լինի ներքին, թե արտաքին, պետք է ոչնչացվի:

Ըստ այդ տրամաբանության, եթե արտաքին թշնամին արժանի է ֆիզիկական ոչնչացման, ապա երկրի ընդդիմությունը (գոնե այն մասը, որը մերժում է իշխող կուսակցության լեգիտիմությունը) ռեպրեսիաների է հանդիպում, երբ փորձում է ինքն իր մասին հայտարարել: Վերջերս մենք դրան ականատես ենք եղել, երբ ընդդիմադիր գործիչ Ջամիլ Հասանլիի դուստրը համացանցում հետապնդման է ենթարկվել իր մասնակցությամբ ինտիմ բնույթի տեսանյութերի պատճառով կամ ինչպես է այդ եղել «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդի դեպքում. վերջին մեկ տարվա ընթացքում նրա մուտքը համացանց, ինչպես բազմիցս արգելափակվել է: Բացի այդ, նա չի կարողացել օգտվել հեռախոսից: Ինչ վերաբերում է քաղաքացիական հասարակության խմբերին, ապա վերջիններիս արգելվում է արտերկրից դրամաշնորհներ ստանալ:

Երկու դեպքում էլ նրանք առաջնորդվում են հասարակության մեջ գերակշռող ազգային գաղափարով, որը մեզ սերմանել են դպրոցական առաջին տարիներից, այն է՝ Լեռնային Ղարաբաղի մոլուցքը: Միամտություն էր ակնկալել, որ հաղթանակը կփոխի իրավիճակը և վերջ կդնի այդ մոլուցքի պատճառով առաջացած թշնամանքին ու անմարդկայնացմանը:

Պատերազմի ընթացքում Ալիևը բացահայտորեն հայ զինվորներին անվանում էր «շներ», իսկ «մենք նրանց շների պես ենք քշում» արտահայտությունը ոգևորությամբ էր ընդունվում քաղաքացիական հասարակության և ընդդիմության շրջանակում: Եվ հիմա նույն բնորոշումը կիրառվում է հենց իրենց նկատմամբ: Ապրիլի 12-ին այգու բացման արարողությանը, Ալիևը 1990-ականների սկզբի պաշտոնյաներին անվանում էր «շներ», որոնք «պատասխանատու են Շուշիի և Լաչինի գրավման համար»:

Պատերազմից հետո, մի միջավայրում, որտեղ այլախոհության և տարակարծության համար տեղ չկա գերիշխող ազգայնական օրակարգի հետ, ընդդիմությունը և քաղաքացիական հասարակության խմբերին մնում են միայն երկրորդական խնդիրներ, որոնց վերաբերյալ նրանք կարող են արտահայտել իրենց կարծիքը: Նրանց ուշադրությունը գրաված թեմաներից մեկը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության հետ անհամաձայնությունն էր: Բայց վերջերս Բաքվում Ռուսաստանի դեսպանատան առջև ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցություն կազմակերպած և «Իվա՛ն, գնա տուն» կարգախոսով ուղեկցվող բողոքի ակցիային մասնակիցների սակավությունը ցույց է տալիս, թե որքանով է այս հարցն ադրբեջանցիների մեծամասնության համար ոչ արդիական:

Հայերի նկատմամբ ատելությունը բնական կամ գենետիկորեն ժառանգված չէ, այն ստեղծվում է, անընդհատ թեժացվում և խրախուսվում է երկրի էլիտաների կողմից: Ոչ վաղ անցյալում՝ 2010 թվականին, Գարեգին Բ կաթողիկոսը ժամանել էր Բաքու, հանդիպել էր Ալիևին և աղոթել լքված հայկական եկեղեցում: Հայաստանի և Ադրբեջանի` հանրային ճանաչում ունեցող մտավորականները բացահայտ կերպով պարբերաբար այցելում էին միմյանց մայրաքաղաքներ, բայց վերջին նման այցը տեղի է ունեցել 2009 թվականին: 

Իշխող ռեժիմն այժմ ավելի ուժեղ է, քան երբևէ և հաշտեցման կարիք չունի ո՛չ ընդդիմադիր կուսակցությունների, ո՛չ իր օրինականությունը մերժող քաղաքացիական հասարակության խմբերի, ո՛չ էլ Լեռնային Ղարաբաղի հայերի հետ: Վերջինը պահանջում է գոնե որոշակի աստիճանի ժողովրդավարացում և բարեփոխումներ, և դա, իր հերթին, ենթադրում է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ավելի լայն ներգրավվածություն և աշխուժացում: Վտանգ կա, որ դա կարող է զայրույթ առաջացնել այն մարդկանց շրջանում, որոնք ընդունել են ադրբեջանական ազգային ինքնության գաղափարը՝ հիմնված հայերի նկատմամբ թշնամանքի և ապամարդկայնացման վրա: Իսկ, ինչո՞ւ է այս ամենը պետք իշխանություններին:

Որոշ զուտ անվանական ընդդիմության որոշ խմբեր օգուտ են ստացել ստեղծված իրավիճակից և առաջ քաշել գաղափարախոսություններ՝ առանց կասկածի տակ դնելու կառավարության օրինականությունը: Սրա վառ օրինակներից է Թուրալ Աբբասլին` «Սպիտակ կուսակցություն»-ից (Ağ Partiyası), որը ստեղծվել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության օրինակով (ղեկավարում է Ռեջեփ Թայիփ Էրդողանը): 38-ամյա Աբբասլին որդեգրել է Էրդողանի աջակողմյան, ազգայնական-պոպուլիստական մոդելը՝ իրեն հռչակելով «ձայնազուրկների ձայն»: Նա արագորեն հանրաճանաչություն է ձեռք բերել Facebook և TikTok սոցիալական ցանցերում հրապարակված  տեսանյութերով, որոնցում նա սուր քննադատում է պետական պաշտոնյաներին կոռուպցիայի համար և պահանջում է սոցիալական արդարություն նրանց համար, որոնց համարում է «հասարակ մարդիկ»:

Այն պայմաններում, երբ Թուրքիան, մասնավորապես, Էրդողանը հերոսացել են պատերազմի ընթացքում Ադրբեջանին ցուցաբերած աջակցության շնորհիվ, Աբբասլիի հայտնի դառնալն այնքան էլ զարմանալի չի թվում: 

Մեկ այլ ընդդիմադիր խումբ՝ «Հանրապետական այլընտրանքային կուսակցությունը» հրաժարվել է իր նախկին առաջադեմ, արևմտամետ իմիջից և որդեգրել է բացահայտ աջակողմյան դիրքորոշում: Կուսակցության ղեկավար Իլգար Մամեդովը, Աբբասլիի հետ նույնիսկ ավելի հեռուն են գնացել, քան իշխանությունները: Նրանք Հայաստանի հարավում գտնվող Սյունիքի մարզի  վերաբերյալ հանդես են եկել իռենդենտիստական հայտարարություններով: 

Համեմատության համար կարելի է վերլուծել, թե ինչ է տեղի ունեցել այն ժամանակ, երբ մի խումբ ադրբեջանցի ֆեմինիստուհիներ փորձել էին երթ կազմակերպել՝ ի պատիվ Կանանց միջազգային օրվա: Բացի ոստիկանության նախազգուշացումներից, նրանց հասցեին սպառնալիքներ են հնչեցրել ազգայնական ծայրահեղականները: Միևնույն ժամանակ, ոստիկանությունը բերման է ենթարկել հավաքի գրեթե 30 մասնակցի:

Այս ամենի ֆոնին «Ռազմավարի պուրակ»-ի բացումը չպետք է զարմացնի մեզ: Դրա ստեղծումը լավ տեղավորվում է այն տրամաբանության մեջ, որը գերակշռում է ադրբեջանական պետությունում՝ ավտորիտարիզմը ներսում է և դրա սահմաններից դուրս»: