գլխավոր Իրադարձային Ե՞րբ են հանդիպելու Պուտինն ու Բայդենը․ պարզաբանում են ՌԴ ԱԳՆ-ից

Ե՞րբ են հանդիպելու Պուտինն ու Բայդենը․ պարզաբանում են ՌԴ ԱԳՆ-ից

ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովն  անդրադարձել է ՌԴ և ԱՄՆ նախագահների միջև հնարավոր հանդիպմանը։ Լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ  Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հնարավոր հանդիպման ժամկետի և վայրի  մասին խոսելը վաղ է։

«Այդ հարցի քննարկումը վաղաժամ է, մենք դրան դեռ մոտ չենք»,- նշել է Ռյաբկովը։

ՌԴ ԱԳ փոխնախարարը հիշեցրել է, որ հանդիպման առաջարկը հնչել է ամերիկյան կողմից, իսկ ռուսական կողմը  նոր է սկսել վերլուծել  իրավիճակը, դա  չի կարող որպես հանդիպման նախապատրաստական փուլ դիտարկվել, քանի որ այդ փուլը հստակություն է ենթադրում։

«Հստակություն դեռ չկա։ Ամենամեծ հարցն այն է, թե ինչպես հետագայում իրեն կդրսևորի ԱՄՆ-ն»,- հավելել է   Ռյաբկովը։

Հատկանշական է, որ ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը, տեղեկացնելով խորհրդակցությունների նպատակով Վաշինգտոն մեկնելու մասին, ընդգծել էր, որ Մոսկվա է  վերադառնալու  «առաջիկա շաբաթների ընթացքում՝ մինչև ԱՄՆ նախագահ Բայդենի և ՌԴ նախագահ Պուտինի միջև հանդիպումը»։