գլխավոր Աշխարհ Le Point. Թուրքիան Ուկրաինայում դարձել է Եվրոպայի պաշտպանը

Le Point. Թուրքիան Ուկրաինայում դարձել է Եվրոպայի պաշտպանը

Ֆրանսիական «Le Point» պարբերականն անդրադարձել է Դոնբասում ռուս-ուկրաինական լարվածության մեջ Թուրքիայի դերակատարությանը: Ըստ թուրքական «Ensonhaber»-ի՝ հոդվածում առաջ է մղվել այն տեսակետը, ըստ որի՝ Թուրքիան Ուկրաինայում դարձել է Եվրոպայի պաշտպանը: 

Նշվում է, որ Եվրամիության երկրները շեշտում են Ուկրաինային իրենց աջակցությունն ու Կիևի հետ համերաշխությունն ընդդեմ Ռուսաստանի, սակայն բավականաչափ ուժ չունեն գործնական միջամտության համար: 

«Ուկրաինան միայնակ Ռուսաստանի դեմ արյան գնով պաշտպանում է իր ու Եվրոպայի ազատությունը»,- ասվում է հոդվածում: 

Հեղինակը խոսել է այս պայմաններում թուրք-ուկրաինական ռազմական համագործակցության մասին՝ հիշեցնելով, որ 2019-ին Թուրքիան Ուկրաինային է վաճառել 6 «Բայրաքթար ՏԲ-2» հարվածային անօդաչու և 3 ցամաքային կառավարման կետ, 2020-ին Անկարան ու Կիևը պայմանագիր են կնքել կորվետների ու ԱԹՍ-ների արտադրական տեխնոլոգիաների փոխանակման մասին: Կիևը հետաքրքրվում է Բայրաքթարների համատեղ արտադրությամբ և նախատեսում է համատեղ արտադրված 48 ԱԹՍ գնել:

Կրկին գալով Դոնբասում վերջին զարգացումներին՝ հեղինակը շեշտել է, որ Մոսկվան, Ուկրաինայի հետ սահմանին 80 հազար զինվոր ու ծանր զրահատեխնիկա կուտակելով, Բայդենին ու Եվրոպական լիդերներին հստակ է ուղերձ է հղում՝ ցանկանալով ասել, որ Ուկրաինան իր ազդեցության գոտու մի մասն է: 

«Այս պայմաններում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, ռուսական խախտումների զոհը դարձած Ուկրաինային օգնելով, պաշտպանում է ինքն իրեն պաշտպանել չկարողացող Եվրոպային»,- ասվում է հոդվածում: