գլխավոր Աշխարհ Անկարայում Հունաստանի ու Ֆրանսիայի դեսպանները կանչվել են Թուրքիայի ԱԳՆ

Անկարայում Հունաստանի ու Ֆրանսիայի դեսպանները կանչվել են Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայում Հունաստանի ու Ֆրանսիայի դեսպանները կանչվել են արտգործնախարարություն, որտեղ նրանց բողոքի նոտա է հղվել: 

Ըստ թուրքական կողմի հայտարարության՝ պատճառն այն է, որ ապրիլի 15-ին Հունաստանի ռազմածովային ուժերին պատկանող «Elli» ռազմանավը ֆրանսիական «L’Atalante» գիտահետազոտական նավի հետ Արևելյան Միջերկրածովում սահման են խախտել և մուտք գործել Թուրքիայի մայրցամաքային ծանծաղուտ (շելֆ):

Ապրիլի 16-ին Թուրքիայի արտգործնախարարություն կանչված հույն և ֆրանսիացի դիվանագետները խստորեն զգուշացվել են միջադեպի կապակցությամբ։ Նրանց հստակ փոխանցվել է այն զգուշացումը, որ կրկնության դեպքում Թուրքիայի զինված ուժերը իրենց իրավունք կվերապահեն պատասխան գործողություններ իրականացնել:

Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ դիվանագետներին ԱԳՆ կանչելուց հետո, սակայն, այդ նավերը չեն շտապել լքել իրենց մուտք գործած գոտին: Ֆրանսիական ու հունական նավերը հեռացել են միայն այն բանից հետո, երբ մոտեցել է թուրքական ռազմանավ և զգուշացումներ հնչեցրել։